Փաշինյանի ստրասբուրգյան
ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով
տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր
շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի
կյանքն ու պատիվը:
Նիկոլն այս ամենն արեց
բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի
համար թիրախային բառապաշար, տեխնիկապես անթերի:
Բովանդակային առումով
աշխարհի ցինիզմից դժգոհած Նիկոլի բեմելն ինքն իրենով ցինիզմ էր, ստոր և լկտի ցինիզմ:
40 րոպեանոց «բենեֆիսը» կառուցվել էր երկու այնպիսի հասկացությունների շուրջ, որոնք
պարզապես ֆիկցիա են, փուչիկ. ժողովրդավարություն և խաղաղություն: Անգամ ափսոս է ժամանակ
ծախսել և ապացուցել բացահայտ ճշմարտությունը, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն,
և սա հայտնի է նաև այն շրջանակներին, որոնք երեկ ծափահարում էին Նիկոլին: Ներկայիս
աշխարհաքաղաքական բախումների մեջ ԵՄ-ն, բնական է, որ աչք կփակի երկրում բռնապետական
շիզոֆրենիայի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը կսպասարկի նման վեկտորը:
Ինչ վերաբերում է խաղաղությանը՝
որպես ծրագրային թեզ և Հայաստանի ներկայիս ռեժիմի վարած քաղաքականության նպատակ, ապա
սա եվրոպական level-ի զավեշտ է: Մի հարց ընդամենը. արդյոք եվրոպացի պատգամավորները
հոտնկայս կծափահարեի՞ն Զելենսկիին, եթե նա, մեղադրելով Ռուսաստանին և շարադրելով իր
մեղադրանքի փաստարկները, վերջում ասեր, որ պատրաստ է այդ ամենով հանդերձ և գալիք սպառնալիքների
հեռանկարով՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ:
Ելույթի կոնտենտ-վերլուծությանը
հավելեմ ընդամենը մի քանի դիտարկում, որոնք կարծես թե դուրս են մնացել հանրային դիսկուրսից.
1. Նիկոլն իր բուն
ելույթում ոչ մի խոսք չասաց Հռոմի ստատուտի վավերացման մասին: Ինչո՞ւ, չէ՞ որ նրանք
մեզ «համոզում էին», որ դա Ալիևին պատժելու համար է արվում:
2. Նա զրո անդրադարձ
կատարեց Բաքվի բանտերում՝ որպես պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության
մասին:
3. CEPA-ի մասին խոսելիս
Նիկոլը լռեց դրանով ամրագրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ,
երբ Փաշինյանը գովում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական կարևորագույն
ձեռքբերում համարվող այդ համաձայնագիրը, ես հիշում եմ նույն այդ Փաշինյանի ելույթներն
այս թեմայով 2017թ.-ին, երբ նա ասում էր բառացի, որ «CEPA-ն ջուր է»:
4. Ամենախոշոր զավեշտներից
մեկն այն է, որ մի քանի օր առաջ նույն Եվրոպական խորհրդարանում քննարկվեց և ընդունվեց
Ադրբեջանին դատապարտող ավելի խիստ բանաձև, քան Հայաստանը ներկայացնող դե ֆակտո ղեկավարի
ելույթն էր: Այս իրողությունը Փաշինյանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության
ամենացցուն ապացույցներից մեկն է:
Պարտվողականություն,
զիջումներ, անկլավներ, «խաղաղության խաչմերուկի» ցնորք, գեոպոլիտիկ արկածախնդրություն.
այս ամենը փաշինյանական սոլոյի վտանգավոր կուպլետներից էին, որոնք Նիկոլը փաթեթավորել
էր 2018թ.-ի «հեղափոխական դեմոկրատի» կերպարի մեջ, որ այդքան սիրվել էր Արևմուտքում:
2023թ.-ին «Белые
розы» երգացանկով Եվրատեսիլ գնալը գուցե դուր գար 45+ հանդիսատեսին, սակայն նման «երգչով»
ներկայացող երկրի համար խղճուկ է, խայտառակ և ֆիասկոյի արձանագրում:
Մի՞թե չորացել է հայ
ժողովրդի արգանդը …
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
18.10.2023թ.