15 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հարցում նշաձողի ոչ թե իջեցում, այլ վերացում է տեղի ունենում, ինչն անընդունելի է. Արտակ Բեգլարյան

Արցախի հարցում նշաձողի ոչ թե իջեցում, այլ վերացում է տեղի ունենում, ինչն անընդունելի է. Արտակ Բեգլարյան

Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան
հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական
նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության
երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի
նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նշաձողի
ոչ թե հերթական իջեցումը, այլ՝ վերացումը խիստ անընդունելի ու անթույլատրելի է, քանի
որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ՝ ավելի ցցուն է
դարձրել այն»,-գրել է նա:

Արցախցի նախկին պաշտոնյան ընդգծել է, որ ՀՀ-ն և միջազգային դերակատարները
պետք է վերանայեն մոտեցումներն ու բարձրացնեն Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգությանն
երաշխավորման նշաձողը:

«Տպավորություն ունեմ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների
կարգավորմամբ հետաքրքրված բոլոր ուժերն ուրախացել են Արցախի ժողովրդի ցեղասպանության
փաստով՝ միամտաբար կարծելով, թե այդ հակամարտային հանգույցը հաղթահարված է և հնարավորության
պատուհան է բացվել «խաղաղության համաձայնագրի» համար: Այնինչ իրականությունն այն է,
որ Արցախի ժողովրդի արյան ու ողբերգությունների հաշվին խաղաղություն չի կարող լինել
տարածաշրջանում, իսկ ցեղասպան ու բռնապետ Ալիևն էլ դրանով չի բավարարվելու: Ուստի,
Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը պետք է լրջորեն ու վերջնականորեն
հասցեագրվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաթեթով, այլապես դա
էլ է ձախողվելու»,- գրել է Բեգլարյանն ու հավելել, որ Արցախի ժողովրդի կարիքները զուտ
հումանիտար բնույթ չունեն և դրանք լուծելով հնարավոր չէ հարցը փակված համարել: