ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը
հումանիտար դադարի կոչ է արել պաղեստինաիսրայելական հակամարտության շրջանի մարտական
գործողություններում՝ Գազայի հատվածում կարիքավորներին օգնելու համար:
«Մենք կրկնում ենք ՄԱԿ-ի հումանիտար դադարի կոչը՝ ապահովելու օգնության
առաքումը և կանխելու Գազայի քաղաքացիական բնակչության հետագա տառապանքներն ու մահերը:
Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության անհապաղ և անխոչընդոտ հասանելիությունը»,
– հայտարարել է գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:
Նշվում է, որ կառույցը մտահոգ է Գազայից բնակչության տարհանման
իսրայելական իշխանությունների հրամանով, քանի որ այն, Գազայի լիակատար շրջափակման հետ
զուգորդված, չի կարող համարվել օրինական ժամանակավոր տարհանում և, հետևաբար, կհամարվի
քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանում՝ միջազգային իրավունքի խախտմամբ: