26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոդված է գրել՝
նշելով, որ Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024-ի հունվարի մեկին։
Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի»։

«Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի
կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի
հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության
կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:

Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային
է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության
«պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման
համար»,- գրել է նա:

Աշոտյանը նշել է, որ հայ ժողովրդի կենսական շահերից է բխում Արցախի
խնդրի քաղաքական հնչեղությունն օրակարգում պահելը:

«Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է: Մարդկությանը
հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ տեղահանվել են ժողովուրդներ: Բազմաթիվ են նաև վտարանդի
իշխանությունների գոյության օրինակները: Սակայն ինձ հայտնի չէ նախադեպ, երբ սեփական
տարածքից միաժամանակ զրկվի բնակչությունը, իշխանությունը, պետական մեխանիզմները, օրենքները
և պետականության այլ ատրիբուտներ և գործոններ:

Ուստի պահանջվող լուծումները պահանջելու են ոչ միայն ռեսուրսներ,
կամք, կազմակերպվածություն, այլև «կրեատիվություն», ոչ ստանդարտ քայլերի գնալու ճկունություն
և ռիսկ»,- գրել է նա:

Աշոտյանի համոզմամբ՝ պետք է չեղարկել Սամվել Շահրամանյանի հրամանագիրը,
արցախահայերին, բացի ՀՀ անձնագրից, տալ առանձին իդենտիֆիկացիոն փաստաթուղթ։

Նա նշել է, որ պետք է  վերականգնել իշխանությունների հիմնական
թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը, ԱԺ-ն էլ պետք
է ընդունի սահմանադրական համապատասխան փոփոխությունների փաթեթ:

«Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը
պետք է դառնա համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը»,-գրել է Աշոտյանը:

ՀՀԿ-ական գործիչը նաև կարևորել է նաև Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում
պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հարվածի տակ չդնելու և հավելյալ ռիսկերի չենթարկելու
հրամայականը: