16 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում. գրում է «Հետքը»:

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, հայտնի չէ։

Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։ 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 քմ հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։

Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում։ Ի միջի այլոց, ոստիկանապետի որդուն պատկանող տարածքում տեղակայված «Ֆոտո ստուդիան» և պատճենահանման կետը, որը Շենգավիթի անձնագրայինի մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա է, փոխկապակցված է Շենգավիթի անձնագրայինի պետի հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: