22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունը 14 մարդու կյանք է խլել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել

Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունը 14 մարդու կյանք է խլել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել

Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․այս մասին հայտնել է Աղետներին արձագանքելու և որոնողափրկարարական ազգային կոմիտեն։

Աղետից ամենաշատը տուժել են մայրաքաղաք Հանոյը, Կամ Փհ, Մոնգ Քայ, Հայֆոն, Հա Լոն նավահանգստային քաղաքները, ինչպես նաև մերձակա հյուսիսային Թայ Բին, Հոա Բին և Հունգ Յեն նահանգները։ Այնտեղ աղետը վնասել է ավելի քան 400 էլեկտրահաղորդման աշտարակ և 27 էլեկտրամատակարարման ենթակայան, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հարկադիր անջատումների։ Ավելի քան 121 հազար հեկտար բրնձով և գյուղատնտեսական այլ մշակաբույսերով զբաղեցրած մշակովի տարածքները ջրի տակ են անցել, վնասվել են ավելի քան 5 հազար պտղատու ծառեր։ Ափամերձ շրջաններում խորտակվել կամ անհետացել են 38 նավ ու ձկնորսական նավակ։

«Յագի» թայֆունը սեպտեմբերի 4-ին մոտեցել է Չինաստանի հարավային ափին և այնտեղից շարժվել դեպի Վիետնամ։ 24 ժամից էլ քիչ անց այն ուժգնացել է և վերածվել սուպերթայֆունի: Սա նշանակում է, որ դրա ներսում քամու արագությունը գերազանցել է 50 մ/վ-ը։