17 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականցման գործընթացի բանակցությունները սկսվել են

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականցման գործընթացի բանակցությունները սկսվել են

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հնարավոր կլինի արագ առաջ շարժվել՝ հաշվի առնելով հանձնառությունների հարցում Հայաստանի կառավարության տպավորիչ ձեռքբերումներն ու դրան հասնելու վճռականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

«Նպատակն է շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզացիա։ Այս գործընթացը պահանջկոտ է լինելու, պահանջելու է զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ։ Վստահ եմ, սակայն, որ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումներն ու սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու։ Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, իսկ տեխնիկական մակարդակում մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ հստակ հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել»,-նշեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը՝ մանրամասնելով, որ այդ աշխատանքներն ընդգրկում են ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, հիմնարար իրավունքների խնդիրները, կապված՝ տեղաշարժի ազատության հետ, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, այդ թվում՝ պայքարը հանցավորության ու կոռուպցիայի դեմ։

«Շատ կարևոր, պատմական օր է և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կայանում է որպես կայունության և ողջախոհության խարիսխ շատ փոթորկահույզ տարածաշրջանում։ Եվրամիություն և Հայաստան հարաբերությունների որակն ու խորությունը վկայում են այն մասին, որ այս երկիրը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարներին։ Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն․սա պետք է դիտարկել որպես Եվրոպական Միության՝ Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորում»,-ասաց Սխինասը՝ կարևորելով վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության պաշտոնական մեկնարկը։

Նա ընդգծեց, որ բանակցությունների փուլի ավարտից հետո Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան կարճատև այցերի համար ազատորեն ճանապարհորդել դեպի Եվրոպական Միություն, ինչը, Սխինասի գնահատմամբ, բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության, վերապատրաստումների, ընկերների ու բարեկամների հանդիպելու համար։

Անդրադառնալով համագործակցության այլ ոլորտների` Սխինասը հիշեցրեց, որ տնտեսության և ներդրումների ոլորտում էլ, ամերիկյան բարեկամների հետ միասին, հայտարարվել է Հայաստանի համար դիմակայունության և աճի նոր ծրագրի մասին՝ 270 միլիոն եվրոյի չափով, բացի այն 600 մլն եվրոն, որն արդեն ներդրվում է Հայաստանում։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ԵՄ աջակցության շոշափելի վկայություն համարեց քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում։

«Մենք հիմա շատ ուրախ ենք, որ պատմության մեջ առաջին անգամ Խաղաղության գործիքի ներքո Հայաստանը կարողանում է աջակցություն ստանալ իր զինված ուժերի համար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ այս երկիրը տպավորիչ ժողովրդավարական բարեփոխումներ է իրագործել, որոնցով վերջին տարիներին ամրապնդվել է երկրի դիմակայունությունը։ Դրանցից շատերը մեր համապարփակ և ընդգրկուն գործընկերության համաձայնագրի մաս են»,-ավելացրեց նա։