Նիդեռլանդների երեք խոշոր քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում այսօր առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատակիցների լայնածավալ գործադուլ են հայտարարել․ այս մասին հայտնում է Proviciale Zeeuwse Courant (PZC) թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ գործադուլը տևել է տեղական ժամանակով ժամը 04:00-ից մինչև տեղական ժամանակով 08:00-ն։ Այդ ընթացքում քաղաքներում ավտոբուսներ և տրամվայներ չեն գործել, իսկ Ամստերդամում և Ռոտերդամում նույնիսկ մետրոն չի աշխատել։
Ըստ GVB-ի՝ գործադուլի պատճառը աշխատակիցների դժգոհությունն է եղել հաճախակի գիշերային հերթափոխի, անկանոն գրաֆիկի ու աշխատանքի խստության պատճառով։ Միաժամանակ, Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանը Նիդեռլանդների արհմիությունների ֆեդերացիայից պահանջել է գործադուլի ընթացքում պահպանել գնացքների երթևեկությունը օդանավակայանի և քաղաքների միջև։