Իրանական Ղոմում ուրբաթօրյա քարոզի ընթերցող Այաթոլլահ Արաֆին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է գլոբալ միաբևեռությունը կոտրելուն և քաղաքական, տնտեսական և անվտանգության նոր բևեռների ձևավորմանը: «ԲՐԻՔՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համաձայնագրերը նաև նպատակ ունեն ամրապնդելու այս նոր ուժային բևեռների ձևավորումը»,- պարզաբանել է նա:
Այաթոլլահ Արաֆին շարունակել է՝ նշելով, որ Ռաիսիի կառավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել այս հարցում, և ներկայիս կառավարությունը պետք է շարունակի այդ ճանապարհը:
«Մեր քաղաքականության հիմքը փոխգործակցությունն է, համագործակցությունը, միաբևեռ աշխարհը կոտրելը և նոր բևեռների ստեղծումը: Սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է իմանան, որ երեք կղզիները և Զանգեզուրի միջանցքը մեր քաղաքական կարմիր գծերն են: Մենք վճռական ենք քաղաքական, հեղափոխական, մեր ազգային շահերում»,- ընդգծել է նա։
Իմամն այնուհետև նշել է. «Մենք ակնկալում ենք, որ մեր ընկերները չեն անցնի մեր կարմիր գծերը և առավելագույն զգուշավորություն կցուցաբերեն: Մենք նաև խորհուրդ ենք տալիս մեր հարևաններին ակամա չբացել դռներն օտարերկրացիների համար»: