15 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարական պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարական պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ

Միացյալ Նահանգները այսօր սահմանում է լայնածավալ պատասխանատվության միջոցառումներ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների և այլ անձանց նկատմամբ, ովքեր ոտնահարել են Վրաստանի ժողովրդավարությունը և վրաց ժողովրդի իրավունքները․ այս մասին, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության երկու պաշտոնյայի՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավար Զվիադ «Խարեբա» Խարազիշվիլիի և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտման մեջ մասնակցություն ունենալու համար:

Նմանապես, մենք պատժամիջոցներ ենք սահմանում ծայրահեղական խմբավորման երկու վրացի առաջնորդների՝ Կոնստանտինե Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքից օգտվող վրացիների վրա դաժան հարձակման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում՝ ավելի քան 60 վրացիների և նրանց ընտանիքի անդամների համար մուտքի վիզայի սահմանափակումներ մտցնելու նպատակով․ նրանք պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խաթարման մեջ։ Նրանց թվում են  պետական և մունիցիպալ պաշտոնյաներ, ովքեր իրենց լիազորությունները չարաշահել են վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները սահմանափակելու նպատակով, գործարարներ, ովքեր ներգրավված են կոռուպցիայի մեջ, անձինք, ովքեր տարածել են ապատեղեկատվություն և խթանել բռնի ծայրահեղականությունը, իրավապահներ, ովքեր մասնակցել են ցուցարարների ծեծին, և խորհրդարանի անդամներ, ովքեր առանցքային դեր են խաղացել հակադեմոկրատական օրենքների խթանման և քաղաքացիական հասարակության իրավունքների սահմանափակման գործում։

Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով և հակադեմոկրատական գործողություններով և շարունակելու ենք քննարկել լրացուցիչ միջոցառումները։ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանում է վրացիների իրավունքները՝ հավաքվելու, խոսելու և խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշման վախի»,-ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։