Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, որը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերը՝ այցելելու Ուկրաինա։ Նրա խոսքով, պետության ղեկավարի խնդիրն է կառավարել Մեքսիկան, ուստի այլ երկրներ ուղևորությունները առաջնահերթություն չեն, հայտնում է Excelsior-ը։
«Իմ դեպքում գլխավոր խնդիրը Մեքսիկայի կառավարումն է։ Մենք գնալու ենք որոշ միջազգային միջոցառումների, որոնք կարևոր ենք համարում, բայց շատ չենք ճամփորդելու, քանի որ մեր պատասխանատվությունն այստեղ է»,- ընդգծել է Շեյնբաումը։
Նա հավելել է, որ Մեքսիկան կշարունակի սահմանադրությամբ սահմանված արտաքին քաղաքականության ընթացքը՝ շատ պարզ, արժանապատիվ և խաղաղ։ Մասնավորապես, երկիրը չի միջամտի արտաքին գործերին, այլ կշարունակի հավատարիմ մնալ հակասությունների խաղաղ կարգավորմանը։