
ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է անում թույլ տալ Ուկրաինային հարվածել ՌԴ խորքը
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիության երկրներին անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումներն ուկրաինական բանակի կողմից ռուսական տարածքների խորք հարվածներ հասցնելու համար։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 425, դեմ՝ 131, ձեռնպահ՝ 63 պատգամավոր։ Փաստաթղթում նշվել է, որ Եվրախորհրդարանը «կոչ է անում» ԵՄ երկրներին «անհապաղ վերացնել Ռուսաստանի տարածքում «օրինական ռազմական թիրախների դեմ» Ուկրաինային մատակարարվող զենքի սահմանափակումները։ Որպես այս դիրքորոշման բացատրություն՝ նշվում է, որ նման արգելքը «խոչընդոտում է Կիևի՝ միջազգային իրավունքին համապատասխան ինքնապաշտպանության իրավունքն ամբողջությամբ իրականացնելու կարողությանը, ինչպես նաև Ուկրաինային դարձնում է խոցելի»։
Եվրախորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և չի պարտավորեցնում Եվրամիության կամ ԵՄ երկրների ինստիտուտներին այն իրականացնել։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ։