Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի այս կազմակերպության գաղափարական վախճանը․ Արմեն Գևորգյան
Եվրոպայի խորհուրդը,
ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային
տարածքում ժողովրդավարական կայունության և անվտանգության ամրապնդումը․ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստի իր ելույթում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։
«Մենք դեռ շարունակական
հակամարտությունների և նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի
ու դատապարտվի»,-ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝
անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության և մարդու
իրավունքների փոխակերպմանն իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի:
«Սա ոչ միայն մրցակցություն
է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների և պահպանողական ավանդույթների միջև,
այլև ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա»,-
ասել է նա և կոչ արել գիտակցել, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել
ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց
անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել:
Եզրափակելով իր խոսքը՝
Գևորգյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի
որոշելու իր ազգային շահերը և հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն խորհրդի հիմնադիր
փաստաթղթերին համապատասխան:
«Կարող եմ հստակ ասել,
որ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի
միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»,-ասել է նա։