Արցախցիների չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը․ Տիգրան Աբրահամյան
Բռնի տեղահանված արցախցիներն անխոս մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն
նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց
մշտական տանիքով ապահովելու ծրագրերը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի
պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ
ընտանիքների և այլ խմբերի համար ու հրատապությունը սահմանել այն ընտանիքների համար,
որոնք վերջին 30 տարվա ընթացքում, պատերազմական գործողությունների ժամանակ, մեկից ավելի
զոհ են ունեցել: Ցավոք, այդպիսի ընտանիքները քիչ չեն:
Աբրահամյանը նշել է այն
հիմնական ֆինանսական աղբյուրները, որոնք պետք է ուղղվեն բնակարաշինության այս մեծ ծրագրին:
«Առաջին, Արցախին յուրաքանչյուր տարի հատկացվող ֆինանսական միջոցները`
Արցախի Հանրապետության բյուջեի չափով:
Երկրորդ, միջազգային այն կազմակերպություններն ու երկրները, որոնք
հայտարարել են ստեղծված իրավիճակում գումարներ հատկացնելու մասին, դրանք պետք է ամբողջությամբ
կամ մեծամասամբ ուղղել այս ծրագրի իրագործմանը: Պետք է մեծ աշխատանքներ տանել, դրսից
նախատեսված միջոցների էական մեծացման ուղղությամբ,
Երրորդ, պետք է կրճատել ՀՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր շռայլությունները`
պարգևավճարներից մինչև չիրագործվող կապիտալ ծախսեր, որոնց կատարողականը խայտառակ մակարդակի
վրա է և ամբողջությամբ ուղղել այս կարիքների բավարարմանը:
Չորրորդ, պետական բյուջեով նախատեսված բնակարանային արտոնությունների
տարատեսակ ծրագրերից ևս` նվազագույնն առաջիկա 3-5 տարին, ուղղել արցախցիններին բնակարաններով
ապահովելուն»,-գրել է նա: