25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի Անկախության տոնին Բելգիայի Ռոսելար քաղաքում հայկական Խաչքար բացվեց

Հայաստանի Անկախության տոնին Բելգիայի Ռոսելար քաղաքում հայկական Խաչքար բացվեց

Բելգիայի Ռոսելար քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի օրը տեղաբնակ Խաչատուրյան ընտանիքի նախաձեռնությամբ, տեղի հայ համայնքի եւ քաղաքային իշխանությունների աջակցությամբ տեղի է ունեցել հայ եւ բելգիացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու երկրների բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված խաչքարի բացմանը ներկա էին քաղաքային իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Բելգիայում Հայաստանի փոխդեսպան Վարդան Սարգսյանը, համայնքային ներկայացուցիչներ։

Փոխդեսպան Վարդան Սարգսյանը նշել է, որ խաչքարը հայ ժողովրդի համար դարերով ունեցել է համախմբող դեր և հանդիսացել է ինքնության անբաժանելի մաս։

«Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության գիտակցության մեջ խաչքարը հանդիսացել է սեփական կրոնի, մշակույթի, արժեքների և տոկունության յուրահատուկ մարմնավորումը։ Հատկանշական է, որ հենց այս օրերին մեկ տարի առաջ Արցախի վրա հարձակումից, շուրջ 120 հազար արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուց և հայրենազրկելուց հետո, հիմա էլ ականատես ենք լինում Արցախի հոգևոր և մշակությաին ժառանգության վերացման, այդ թվում՝ հայկական խաչքարերի ոչնչացման ադրբեջանական քաղաքականությանը, որի նպատակը հայկական հետքն ու հազարամյա ներկայությունը ջնջելն ու հայի ստեղծագործ ոգին կոտրելն է», – ասել է Վարդան Սարգսյանը, հավելելով, որ բարեկամ Բելգիայում, Ռոսելարի հյուրընկալ հողում, գեղատեսիլ այս պուրակում հայկական խաչքարի տեղադրումը երկու ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև հայ ժողովրդի արարչական ոգու կարևոր դրսևորում է, ինչը վկայում է նաև փոխադարձ համակրանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկու ժողովուրդների կապերի առավել ամրապնդման և խորացման պատրաստակամությունը։