Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի փաստաբանները մտադիր են բողոքարկել նրան կալանավորելու որոշումը
«Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել է Քննչական կոմիտե, սակայն, չնայած դրան, ձերբակալվել է: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը, քննության առնելով միջնորդությունը մի քրեական հետապնդման որոշման վերաբերյալ, որը հարուցվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ ակտիվ քննչական գործողությունները սկիզբ էին առել 2019 թվականին, որոշել է երկու ամսով կալանավորել գործարարին: Կալանքի միջնորդությունը ներկայացվել էր առանց որևէ տվյալի, որ գործարար Կարեն Հակոբյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել:
Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք՝ դատավոր Դադոյանի որոշման դեմ՝ մանրամասն մատնանշելով այն հիմքերը, ըստ որոնց դատարանը չէր կարող կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
Ըստ փաստաբանների՝ դատական ակտի նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և ի վերջո՝ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման:
Փաստաբանները գտնում են, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր: