Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության
տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից
գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի
մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից. գրում
է
hetq.am-ը
«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար
համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն
խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին
պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց,
ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է
Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։
Մադաթ Բաբայանը երեք զավակների, 13 թոռների հետ ապրում էր Գետավան
գյուղում։ Նրա կրտսեր՝ չորրորդ որդին վաղուց Հայաստանում է ապրում։ 2023թ․-ի սեպտեմբերի
19-ի առավոտյան Մադաթը սովորականի պես գյուղի իր գործերով էր զբաղված․ 100-ից ավելի
ոչխար ուներ, մեծ հողատարածք։
Բաքվից Մադաթ Բաբայանի զանգի մասին բարեկամները հայտնել են Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին։ «Հետքը» կապ հաստատեց Կարմիր Խաչի
մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ տեղեկանալու, թե Մադաթ Բաբայանն ինչ կարգավիճակով
է գտնվում Բաքվում։ Նա պատասխանեց, թե դրանք անձնական տվյալներ են, ուստի չի կարող
մեզ տրամադրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։