24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Telegram հավելվածը այսուհետ որոշ օգտատերերի տվյալներ կտրամադրի իշխանություններին

Telegram հավելվածը այսուհետ որոշ օգտատերերի տվյալներ կտրամադրի իշխանություններին

Telegram հավելվածը հայտարարել է, որ իշխանություններին կտրամադրի այն օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները, որոնց նկատմամբ կան դատական խնդիրներ կամ այլ վավեր իրավական պահանջներ: Այս մասին գրում է BBC-ն։

Ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է վախեցնի հանցագործներին», հայտնել է Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը երկուշաբթի օրը հավելվածի իր էջում արված գրառման մեջ:

«Թեև Telegram-ի օգտատերերի 99.999%-ը կապ չունի հանցագործությունների հետ, այդ 0.001%-ը, որը ներգրավված է անօրինական գործունեության մեջ, վատ իմիջ է ստեղծում ամբողջ հարթակի համար՝ վտանգի տակ դնելով մեր գրեթե մեկ միլիարդ օգտատերերի շահերը», – գրել է Դուրովը:

Այս հայտարարությունը  էական շրջադարձ է Դուրովի համար, որը Telegram հարթակի ռուսաստանաբնակ համահիմնադիրն է և որը անցյալ ամիս ձերբակալվել էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից Փարիզի հյուսիսում գտնվող օդանավակայանում:

Մի քանի օր անց դատախազները նրան մեղադրանք էին առաջադրել հարթակում հանցավոր գործունեությանը նպաստելու համար։ Նրա դեմ ուղղված մեղադրանքների թվում են երեխաների բռնության պատկերների տարածմանը և թմրանյութերի առևտրին հանցակցությունը։ Նրան նաև մեղադրանք առաջադրվեց իրավապահների հետ չհամագործակցելու համար։

Դուրովը, որը հերքել է մեղադրանքները, ձերբակալությունից անմիջապես հետո քննադատել է իշխանություններին՝ ասելով, որ երրորդ կողմերի կողմից հարթակում կատարված հանցագործությունների համար իրեն պատասխանատու համարելը «անսպասելի» և «մոլորեցնող» է:

Քննադատները նշում են, որ Telegram-ը դարձել է ապատեղեկատվության, մանկական պոռնոգրաֆիայի և ահաբեկչության հետ կապված բովանդակության կենտրոն, մասնակիորեն շնորհիվ ֆունկցիայի, որը թույլ է տալիս խմբերում ունենալ մինչև 200,000 անդամ:

Meta-ին պատկանող WhatsApp-ը, համեմատաբար, սահմանափակում է խմբերի չափը՝ մինչև 1,000 անդամ: Telegram-ը անցյալ ամիս մանրազնին ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանի համար, որ հարթաակում ստեղծվել էին ծայրահեղ աջակողմյան ալիքներ, որոնք նպաստել են բռնություններին Մեծ Բրիտանիայի քաղաքներում։

39-ամյա գործադիր տնօրենի ձերբակալությունը քննարկումներ առաջացրեց համացանցում խոսքի ազատության պաշտպանության ապագայի վերաբերյալ:

Ըստ Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ի ավագ հետազոտող Ջոն Սքոթ-Ռեյլթոնի, Դուրովի ձերբակալությունից հետո շատերը սկսեցին կասկածել՝ արդյոք Telegram-ը իրականում ապահով տեղ է քաղաքական այլախոհների համար։

Գիտնականը նշում է, որ քաղաքականության այս նոր փոփոխությունը արդեն իսկ ավելի մեծ անհանգստություն է առաջացնում շատ համայնքներում:

«Telegram-ի մարքեթինգը որպես հարթակ, որը դիմադրում է իշխանությունների պահանջներին, գրավում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին ապահով զգալ իրենց քաղաքական հայացքների համար այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը և Մերձավոր Արևելքը», – ասել է Սքոթ-Ռեյլթոնը:

Կիբերանվտանգության մասնագետները նշում են, որ թեև Telegram-ը նախկինում հեռացրել է որոշ խմբեր, այն ունի ավելի թույլ համակարգ ծայրահեղական և անօրինական բովանդակությունը մոդերացնելու համար՝ համեմատած մրցակցող սոցիալական ցանցերի և հաղորդագրությունների հավելվածների հետ:

Մինչ քաղաքականության վերջին ընդլայնումը, Telegram-ը տեղեկություններ էր տրամադրում միայն ահաբեկչության կասկածյալների վերաբերյալ,

Երկուշաբթի Դուրովը հայտնել է, որ հավելվածն այժմ օգտագործում է «մոդերատորների հատուկ թիմ», որոնք օգտագործում են արհեստական ​​ինտելեկտ՝ որոնման արդյունքներում խնդրահարույց բովանդակությունը թաքցնելու համար»: Սակայն, ըստ Ստենֆորդի համալսարանի Ինտերնետի և հասարակության կենտրոնի գիտաշխատող Դափնե Քելլերի, բովանդակությունը դժվար հասանելի դարձնելը, ամենայն հավանականությամբ, չի բավարարի Ֆրանսիայի կամ Եվրոպայի օրենքների պահանջները։

«Այն ամենը, ինչ Telegram-ի աշխատակիցները կարող են տեսնել և ճանաչել որպես անօրինական, նրանք պետք է ամբողջությամբ հեռացնեն» – ասել է Քելլերը:

Որոշ երկրներում նրանք նաև պետք է տեղեկացնեն իշխանություններին հատուկ անօրինական բովանդակության տեսակների մասին, ինչպիսիք են երեխաների սեռական բռնության նյութերը:\

Քելլերը կասկած է հայտնել՝ արդյո՞ք ընկերության քաղաքականության փոփոխությունները բավարար կլինեն իշխանություններին, որոնք որոնում են հետաքննությունների թիրախների մասին տեղեկություններ, ներառյալ այն, թե ում հետ են նրանք շփվում և նրանց հաղորդագրությունների բովանդակությունը:

«Սա, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ պարտավորությունների ստանձնում է, քան այն, ինչ ուզում են իրավապահները,» – ավելացրել է Քելլերը։