Ռուսաստանը Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ
մղելու փորձեր է արձանագրում․ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում
ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների
սրումը որոշ դեպքերում արհեստականորեն է արվում։
«Մենք գիտենք, թե վերջին տարիներին որքան հասարակական կազմակերպություն
է ստեղծվել Հայաստանում։ Նախկինում էլ դրանք քիչ չէին։ Այդ կազմակերպությունները չեն
ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու
նպատակով։ Ճիշտ հակառակը՝ դրանց նպատակն է հող ստեղծել հակառուսական տրամադրությունների
համար և նախապատրաստվել Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի
շահերի առաջմղմանը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ փորձերը որոշ արդյունքների հասնում են, բայց Ռուսաստանում
համոզված են՝ հայ ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ–ի հետ ավանդական եղբայրական
կապերի զարգացմամբ։
Անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե Հայաստանը
քաղաքական վեկտոր չի փոխել, Լավրովը հույս է հայտնել, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝
չնայած Երևանին այլ ուղղությամբ տանելու փորձերին։