20 Հոտ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը պոպուլիստ քաղաքական գործիչ է, ում համար մարտավարական նկատառումները գերադասելի են ռազմավարականից․ Մարկեդոնով

Փաշինյանը պոպուլիստ քաղաքական գործիչ է, ում համար մարտավարական նկատառումները գերադասելի են ռազմավարականից․ Մարկեդոնով

«Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը РБК-ի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը և Ռուսաստանի ու Արևմուտքի ռազմավարությունը Հարավային Կովկասում։

Տալով Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործչի բնորոշումը, փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետը 2018-ից առաջ էլ աչքի էր ընկնում Արևմուտքի հետ սերտ կապերի անհրաժեշտության մասին իր շռայլ հայտարարություններով։

«Բայց չմոռանանք, որ վարչապետ դառնալուց հետո նա շատ բան է արել այս պատկերը շտկելու համար։ Նա հաճախ էր այցելում Ռուսաստան, բազմաթիվ հաճոյախոսություններ անում Վլադիմիր Պուտինին։ Նա նույնիսկ 2018 թվականի հեղափոխությունն անվանել է «թավշյա» և ոչ «գունավոր»՝ գծելով խիստ բաժանարար գիծ՝ «գունավոր»՝ հօգուտ Արևմուտքի, «թավշյա»՝ հօգուտ Հայաստանի ներքին փոխակերպումների ու ժողովրդավարացման», – նշել է Մարկեդոնովը։

Հետո 2020 և 2023 թթ․-երին տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմը։ Ըստ փորձագետի՝ այստեղ կարևոր է ամրագրել այն թեզը, թե Հայաստանում և Ռուսաստանում կա իրավիճակի ասիմետրիկ ընկալում։ Հասարակական բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ սրվեց։

«Փաշինյանը պոպուլիստ քաղաքական գործիչ է, ում համար մարտավարական նկատառումները գերադասելի են ռազմավարականից», – նշել է փորձագետը՝ շեշտելով, որ վարչապետն ակնհայտորեն չի ցանկանում արդարանալ իր սխալների համար։

«Ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Որովհետև խորհրդանշական առումով՝ ՀԱՊԿ-ը շատ դեպքերում հավասար է Ռուսաստանին։ Կազմակերպությունից դուրս գալը կարող է ընկալվել որպես միանշանակ բացասական վերաբերմունք Մոսկվայի նկատմամբ, և Փաշինյանը պատրաստ չէ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման։ Միևնույն ժամանակ՝ նա շրջվում է դեպի Արևմուտք՝ մենք տեսնում ենք կանոնավոր շփումներ Ֆրանսիայի հետ, աճում են շփումները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ։ Սակայն մինչ այժմ ոչ պետությունները, ոչ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ չեն տվել Հայաստանին։ Այո, Ֆրանսիան որոշակի սարքավորումներ է մատակարարել։ Եթե ինչ-որ սրացում լինի ադրբեջանական կամ օրինակ թուրքական կողմից, ինչպե՞ս են Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն օգնելու Հայաստանին։ Թեև ռուսական երաշխիքները նույնը չեն, ինչ մինչև 2020 թվականը, դրանք գոյություն ունեն ի դեմս նույն սահմանապահների (չնայած նրանց ներկայությունը մեր աչքի առաջ նվազում է) և Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տեսքով։ Երբ որոշ հայ դիտորդներ պնդում են, թե Ռուսաստանը Հայաստանում ոչինչ չի անում, ես կցանկանայի հարցնել, թե ինչու՞ են նրանք կարծում, որ առանց ռուսական ներկայության իրավիճակը կսահմանափակվեր միայն Ղարաբաղով, այլ ոչ թե՝ հայկական տարածքներով» – նշել է Մարկեդոնովը։ Նրա խոսքով՝ 2022 թվականի գործողության մեկնարկից առաջ Եվրամիությունը և Ֆրանսիան հանգիստ էին ընդունում այն փաստը, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Ռուսաստանն է բացառիկ մոդերատորը․ թող Ռուսաստանը պատասխանատվություն կրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար: Դա պահանջում է փոխզիջումներ, որոնք կարող են դժգոհություն առաջացնել Մոսկվայի հետ հրաբերություններում թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Եթե մինչև 2022 թվականը ենթադրվում էր, որ Մոսկվան և Արևմուտքը որոշ հարցերում կհամագործակցեն, որոշ հարցերում կմրցակցեն, իսկ որոշ հարցերում՝ նույնիսկ կվիճեն, ապա դրանից հետո ամեն ինչ շատ ավելի կատեգորիկ դարձավ։ Ռուսաստանը զգայուն է Կովկասում արևմտյան ցանկացած, նույնիսկ անարդյունավետ ներկայության նկատմամբ։

Բացի այդ՝ արդյո՞ք Եվրամիությանն անդամակցությունը լուծում է Հայաստանի անվտանգության խնդիրները։ Հազիվ թե։ Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի, որ հանրաքվեի կամ մերձեցման նախաձեռնության գաղափարը մեծամասնության աջակցությունն է ստանալու, դա չի նշանակում, որ Եվրամիությունը անմիջապես կընդունի Հայաստանին։ Սա երկկողմանի գործընթաց է: