Վրաստանը սպառնում է վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանը կվերանայի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եթե վերջինս չփոխի իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ. ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ասում ենք, որ հարաբերություններն այսպես չպետք է շարունակվեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք վերանայել առկա ստատուս քվոն։ Սա մեր հստակ դիրքորոշումն է, ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից»,- ընդգծել է Կոբախիձեն։
Երկրների հարաբերությունները սկսեցին վատթարանալ մայիսին, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Հուլիսի 5-ին Պենտագոնը հայտարարեց «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները անորոշ ժամկետով հետաձգելու մասին՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ։ Վաշինգտոնը նաև վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ։