Իրանի կառավարությունը քայլեր կձեռնարկի և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի կողքին. Փեզեշքիան
Իրանի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան քայլեր կձեռնարկի Բեյրութում գտնվող Հեզբոլլահի ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի օդային հարվածից հետո: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է ТАСС-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի սիոնիստների վերջին հանցագործության կապակցությամբ և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և դիմադրության առանցքի կողքին»,- ասվում է Իրանի նախագահի ուղերձում։
Փեզեշքիանը ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին և տեղի ունեցածը անվանել ռազմական հանցագործություն, որը «ևս մեկ անգամ բացահայտում է այդ ռեժիմի ահաբեկչական էությունը»: