ՌԴ-ում հանդիպումն Ալիևի և Փաշինյանի որոշելիքն է. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունում ԲՐԻՔՍ կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը նրանց որոշելիքն է: Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ»,- նշել է նա։
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ «Ամերիկացիներն իսկապես ցանկանում են, որ նրանք այստեղ էլ լինեն գերիշխող: Կարևոր է, որ ամերիկացիները ցույց տան, որ իրենք են տերը: Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա դա, հավանաբար, ղեկավարների ընտրությունն է»,- նշել է Լավրովը։