Ես կանխակալ եմ համարում
մինչև իմ ելույթը Ձեր արած ռեպլիկը: Ես դա համարում եմ ավելի շատ իմ անձի գոյության
հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչև իմ ասելիքը։Այս մասին դատական նիստի
ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դատավորի այն դիտարկմանը,
որ եթե Արմեն Աշոտյանը իր խոսքում ներկայացնելու է քաղաքական ենթատեքստ պարունակող
խոսք, ապա դատարանը ընդհատելու է նրա խոսքը։
«Ես իմ ֆիզիկական ներկայությամբ
քաղաքական եմ, այդպես է ստացվել իմ ճակատագիրը,
չլինե՞մ ընդհանրապես։ Ես քաղաքական գործիչ եմ, ըստ Արիստոտելի՝ քաղաքական կենդանի
եմ, քաղաքական բանտարկյալ եմ։ Ես խնդրում եմ ապահովել իմ տարրական, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայով ամրագրված իրավունքները և առնվազն կիրառել անմեղության կանխավարկածը։
Եկեք արձանագրենք,
որ մինչև իմ բերանը բացելը արդեն իմ անձի հանդեպ ոմանց մոտ պրոբլեմ կա»,- ասել է Աշոտյանը։
Արձագանքելով՝ դատավորը
նշեց, որ դատական նիստերի դահլիճը քաղաքական հայտարարություններ անելու տեղ չէ։
Շարունակելով իր ելույթը՝
Աշոտյանը ասաց․
«Հարգելի ժողովուրդ,
երբ ինձ առաջին անգամ ապօրինի ձևով կալանավորեցին, ես լքել եմ ձեր իրականությունը և
այն լրիվ ուրիշ էր։ Այնտեղ կար երկու հայկական պետություն, այսօր, եթե ինձ վերադարձնեն
իմ ազատությունը, ինձ վերադարձնելու են մի իրականություն , որտեղ մեկ հայկական պետություն
կա, որտեղ 500 մարդ կամ թաղված է, կամ մահացած է, բայց դիակները չկան։
Ես ինձ վատ եմ զգում,
որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի։ Ես այնուհանդերձ
նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, ես ինձ վատ եմ զգում
դրա համար»։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
երկու ամսով կալանավորվել է հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն
դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժել է վերաքննիչ բողոքները և նրան թողել է կալանքի
տակ։
Աշոտյանը և Երևանի
Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում
են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են
«Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն
ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: