27 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե վաղը պատերազմ սկսվեց, այս կարողությունների տեր իշխանությունը ի՞նչ կարող է անել. Հայկ Ղազազյան

Եթե վաղը պատերազմ սկսվեց, այս կարողությունների տեր իշխանությունը ի՞նչ կարող է անել. Հայկ Ղազազյան

Իրավաբան, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Հայկ Ղազազյանի հետ զրուցել ենք և մեծ ժողովրդականություն ունեցող խաղից և հայաստանյան ֆուտբոլի ապագայից։

Հայկի ամենամեծ անհանգստությունը, սակայն, վերաբերվում է մեր երկրին սպառնացող վտանգներին․ կկարողանա՞ արդյոք այս կարողությունների տեր կառավարությունը որևէ բան անել, եթե վաղը պատերազմ սկսվի։ Եթե պետությունը չի կարողանում անգամ գերիներին ազատել ադրբեջանական բանտերից, ի՞նչ գլոբալ քաղաքականություն կկարողանա վարել տարածաշրջանում՝ անհանգստանում է իրավաբանը։

-Հայկ, Դուք ոչ միան ֆուտբոլասեր եք, այլև որոշ ժամանակ եղել եք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն, Ձեր կարծիքով՝ Հայաստանում ֆուտբոլը ապագա ունի՞։ Կա՞ն նախադրյալներ, որ մենք մի օր կհաջողենք։

-Միանշանակ ունի, որովհետև նախ այն ամենապոպուլյար սպորտաձևն է Հայաստանում, որքան էլ օլիմպիական խաղերի ժամանակ, կամ այլ մրցաշարերում՝ ըմբշամարտում, ծանրամարտում ավելի շատ հաջողություններ ունենք,  միևնույն է, ֆուտբոլ սիրում ենք բոլորս։ Եթե Հայաստանի հավաքականի վճռական խաղ է լինում, բոլորս կլանված նայում ենք․ առնվազն դրանով ապագա ունի ֆուտբոլը։ Իհարկե, այս սպորտաձևը պետք է նաև ճիշտ կառավարել։ Ակումբային ֆուտբոլն այսօր հիմնված է էնտուզիաստերի վրա՝ գործարարերի, ովքեր ֆուտբոլով զբաղվում են, որովհետև սիրում են Ֆուտբոլը և պատրաստ են գումար կորցնել, որովհետև ֆուտբոլի մեջ չես կարող ներդրում անել գումարը հետ բերելու նպատակով։ Լավագույն դեպքում հնարավոր է ծախսերի մի մասը ետ բերել, եթե դուրս գաս Եվրագավաթ և մասնակցության համար գումար ստանաս։ 10 տարին, կամ 20 տարին մեկ անգամ հնարավոր է նաև Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ հայտնվի, ում հնարավոր կլինի վաճառել որևէ ակումբի և գումար վաստակել։

-Ի՞նչ բնավորության գիծ պետք է ունենալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալու համար։ Միայն ինտելեկտը բավարա՞ր է։

֊Իրականում այնպես չէ, որ խաղի մեջ ամենակարևորը գիտելիքն է, ամենակարևորը սերն է խաղի նկատմամբ։ Իհարկե, պետք է լինի նաև նոր գիտելիք ձեռք բերելու ցանկություն, և եթե լուրջ եք ցանկանում խաղալ, պետք է պատրաստ լինեք նաև ինչ-որ բան զոհաբերել, ավելի կոնկրետ ժամանակ՝ նախապատրաստվելու համար, որովհետև այն, ինչ տեսնում ենք հեռուստատեսությամբ, միայն այսբերգի գագաթն է։

-Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում նախապատրաստավելը։

-Շատերը չգիտեն, որ նախքան խաղալը թիմերը պարապում են։ Շաբաթական մեկ-երկու անգամ հավաքվում են այդ 6 հոգով, գտնում են համապատասխան հարցերի փաթեթներ՝ այլ տեղ արդեն խաղացված, և դրանցով խաղում։

Թիմը պետք է մեկ միասնական օրգանիզմի նման աշխատի, որպեսզի արդյունքի հասնի։ Պարապմունքը ցույց է տալիս թերի կողմերը․ օրինակ՝ խաղացողներից մեկը շատ պասիվ է իրեն զգում, որովհետև նստած է մեկի կողքին, ով շատ բարձր է խոսում և իրեն ճնշում է։ Ավագն այդ ամենը պետք է տեսնի, կարգավորի։ Կամ ինչ-որ մեկը մի քիչ ամաչկոտ է, մի փոքր իրեն պետք է ոգեշնչել։ Հիմնականում խաղը կառուցված է տրամաբանության և ինտուիցիայի վրա, որոնք էլ իրենց հերթին հիմնված են գիտելիքների որոշակի բազայի վրա։

-Ձեզ մոտ պարբերաբար որևէ հայալեզու կոնտենտ սպառելու ցանկություն առաջանու՞մ է․ լսել հայերեն երգ, հայկական ֆիլմ նայել, նոր հայերեն գիրք կարդալ և այլն։ Գտնու՞մ եք այն, ինչ Ձեզ պետք է և արդյոք այն, ինչ գտնում եք, Ձեզ բավարարում է։

-Որոշակի հայալեզու հարցազրուցներ և փոդքասթներ նայում եմ, իհարկե, կոնկրետ հյուրերի մասնակցությամբ։ Էթնո-հայկական նոր մշակումներ եմ լսում, բավականին բարձր մակարդակի մշակումներ կան։ Եթե հեռուստատեսային կոնտենտը, ՅուԹուբի կոնտենտը, էլ չեմ ասում Տիկ-տոկը և մնացյալ սոցցանցերը դիտարկենք, կտեսնենք, որ պահանջարկ ունի լրիվ այլ ուղղվածության, որևէ ազգայինի վրա չհիմնված կոնտենտը։ Այնպես չէ, որ ամեն ինչ պետք է լինի միայն Հայոց պատմության, մեր գրերի, մեր մշակույթի մասին, բայց դա չի նշանակում, որ պետք է չճանաչեն սեփական մշակույթը, պատմությունը, արժեքները, որոնք որևէ կերպ չեն արտացոլվում մեզ առաջարկվող պրոդուկտում։ Այսօր մեզ առաջարկվում է բավականին ցածր մակարդակի հայալեզու սերիալներ, որոնց մեջ առկա թե՛ բառապաշարը, թե՛ արժեքները, մարդկանց միջև հարաբերությունները, տղամարդ-կին հարաբերությունները, կանանց նկատմամբ վերաբերմունքը մեզ, մեր մշակույթին բնորոշ չեն։ Ես չեմ կարծում, որ այդ կոնտենտի հեղինակները մի օր կարթնանան և հանկարծ կսկսեն ուրիշ բան ներկայացնել։ Պետք է լինի վերահսկողություն և հեռուստատեսային կոնտենտի արգելքներ՝ բառպաշարից մինչև հեռարձակման ժամեր։ Եթե չի լինելու պետական քաղաքականություն, չի լինի նաև հայկական, ազգային լուրջ կոնտենտ։

-Վերջերս հետաքրքիր բան եմ նկատել․ կարդում եմ պատերազմից 5 է պակաս, տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է և այլն։ Բոլորս կարդում ենք այս ամենը և հանգիստ գնում դասի, հագստանալու, աշխատելու։ Սովորել ենք անընդհատ սթրեսի մեջ լինեն, թե՞ վտանգի զգացողությունն է բթացել։

-2020 թ․-ից բոլորս համանման հոգեվիճակում ենք։ Երևի թե օրգանիզմն ունի իր կարգավորումները և չի կարող երկար ժամանակ սթրեսի մեջ լինել. Ցավոք, նաև սովորում ենք սթրեսին: Դա մեզ թուլացնում է և բթացնում իրավիճակը օբյեկտիվ գնահատելու մեր կարողությունները։ Ես էլ եմ համաձայն, որ մենք այսօր շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, և չգիտենք բառացիորեն վաղն ի՞նչ կլինի։ Վտանգավոր սպառնալիքների առջև ենք կանգնած, բայց քանի որ անընդհատ անհանգստությունը առողջության համար վտանգավոր է, սովորել ենք հանգիստ լինել և չընկնել սթրեսի մեջ։ Թերևս նաև դրա պատճառով ոչ մի կերպ այդ ներքին մոբիլիզացիան տեղի չի ունենում թե՛ անհատական մակարդակով, թե՛ հանրային։ Մոբիլիզացիայի շահառուն էլ չկա, որ հանրությունը շահագրգռված լինի ներքին մոբիլիզացիայի, որ վտանգի սպառնալիքի դեպքում պատրաստ լինենք։ Չունենք որոշակի պետությունների կողմից տրված գեթ մեկ երաշխիք, որ մեզ ապահով զգանք։ Եթե մեզ ապահով չենք զգում պետք է գոնե համակարգային պաշտպանություն լինի՝ քաղաքային պաշտպանության համակարգերից սկսած, մինչև տեղեկատվական։ Պետք է սովորեցնեն, լուսաբանեն, բայց դուք տեսնու՞մ եք նման բան։ Կա արհավիրքի կրկնվելու վտանգ, (Աստված տա, որ ես սխալվեմ), բայց ցավոք չկա այն կանխելու, կամ դրան նախապատրաստվելու որևէ միջոցառում։

Մենք տեսնում ենք  երկրներ, որոնք իրենց գերիներին վերադարձնելու համար ունեն այդ ներուժը՝ հանրային կոնսոլիդացիան։  Նրանք իրենց քաղաքացիների հետևից գնում են։ 2021 թ․ ընտրությունների ժամանակ մեր պատանդներին, գերիներին ասում էին դե, մի 2 ամիս էլ դիմացեք, հեսա կգանք և կազատենք ձեզ։ Եթե մի պետություն 4 տավա ընթացքում չի կարողացել նույնիսկ իր գերիներին՝ իր սեփական քաղաքացիներին վերադարձնել՝ չունի այդ ռեսուրսը, ի՞նչ սպասել նրանից։ Տղաները պատերազմի ժամանակ են գերի ընկել, որն արդեն դադրեցվել է, և հիմա իբր խաղաղության ճանապարհով ենք գնում․․․ Մեր պետությունը չունի անգամ նրանց վերադարձնելու ներուժը, և այս իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում արդյոք այդ ունակություններով կկարողանա՞ գլոբալ տարածաշրջանային քաղաքականությանը մասնակցել, խաղաղության խաչմերուկներ կառուցել և այլն։ Այս կառավարությունը չի կարողանում վերադարձնել իր սեփական քաղաքացիներին, որոնց ստույգ թիվը նույնիսկ հստակ չգիտի՝ որևէ բան անելու ո՛չ կարողություն ունի, ո՛չ ռեսուրս․․․ Եթե վաղը մյուս օրը պատերազմական գործողություններ սկսվեցին, այս կարողությունների տեր իշխանությունը ի՞նչ կարող է առաջարկել։

Զրուցեց Լենա Գևորգյանը