Կարեն Հակոբյանի կալանավորման դեմ փաստաբանների բողոքին պատշաճ ընթացք չի տրվել
«Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ:
Նրա փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի Կարեն Հակոբյանին առավելագույն հնարավոր ժամկետով՝ երկու ամսով կալանավորելու ակնհայտ անհիմն որոշման դեմ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին մուտք է արվել հատուկ վերանայման բողոք:
Ուշագրավ է, որ մինչ օրս, արդեն կարելի է արձանագրել 7 օր անց՝ առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված քրեական վարույթի մի շարք հանգամանքներ հրապարակային եղանակով քանիցս ներկայացվել են, այդ թվում ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության միջոցով և չնայած այդ ամենին գործարար Կարեն Հակոբյանը մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ: Նշված հանգամանքներն ինքնին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու բացառելու հիմքեր են:
Ավելին գործարարի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով, որոնք ներկայացվել են պաշտպանության կողմին: Մասնավոր ընկերության կորպորատիվ գործունեության քրեականացման տարրերը խիստ վտանգավոր են:
Չնայած նշված հանգամանքներին, նույնիսկ այն պայմաններում, որ ներկայացվել էր նաև կալանքին որպես այլընտրանք մի շարք խափանման միջոցների միաժամանակյա և համակցված կիրառելու միջնորդություն՝ դրանք անտեսվել էին Դատարանի կողմից: Ներկայացված և մի շարք այլ հանգամանքների, հիմնավորումների վերաբերյալ հստակ դիրքորոշումները ներկայացվել են Վերաքննիչ ատյանին, որոնց վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»։