17 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը»․ Արմեն Աշոտյանի հոդվածը

«Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը»․ Արմեն Աշոտյանի հոդվածը

PostNikol. Ի՞նչ անել
ազգ մնալու համար (մաս 9-րդ)

 Արցախի Հանրապետության
ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեցին մի իրավիճակ, երբ
100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով
էթնիկ զտման:

 Արցախահայության ներկայիս
հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ
լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները,
որոնց լուծմանն ուղղված իշխանական ջանքերը նվազ արդյունավետ են և հաճախ՝ ձևական, իսկ
համահայկական մոբիլիզացիան՝ ոչ ամբողջական և հատվածական, չպիտի մոռացության մատնեն
հանապազօրյա հարցերից անդին գտնվող հարցադրումները:

 Հայկական Արցախի էջը
շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային
տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ
հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել,
խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում:

 Մինչև Արցախի հայաթափումը
ենթադրվում էր, որ Ադրբեջանը կուզենար ձևի համար մի քանի հազար հայ պահել Արցախում՝
աշխարհին «տոլերանտ» և «մուլտիէթնիկ» Ադրբեջանի միֆը վաճառելու համար: Սակայն ադրբեջանական
ագրեսիային միջազգային հանրության անատամ, իմպոտենտ, ցինիկ արձագանքն օրակարգից հանում
է ալիևյան այս շոուի անհրաժեշտությունը (ՄԱԿ-ի տխրահռչակ առաքելությունը վկա):

 Ենթադրվում էր նաև,
որ Արցախում արցախահայերի կարիքն ունի նաև Ռուսաստանը՝ ռեգիոնում սեփական ռազմական
ներկայությունը հիմնավորելու համար: Սակայն Հայաստանի իշխանությունների հակառուսական
ռազմավարությունը և Ադրբեջանի՝ անպատիժ մնացած սեպտեմբերյան ագրեսիան ստեղծեցին նոր
իրավիճակ, որում Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար Ռուսաստանը
կարող է դիմել այլ, ոչ ստանդարտ լուծումների, որոնց իմ նախորդ հոդվածներում անդրադարձել
եմ:

 Ուստի ներկայումս Հայաստանում
գտնվող արցախահայերի ապագան պետք է կազմակերպել ոչ միայն այս պահին առաջնային սոցիալ-կենցաղային,
այլև հեռահար քաղաքական դիտանկյունից:

 Ընդհանուր առմամբ հնարավոր
է 3 սցենար.

 1. Արցախահայության
ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով
ինքնուրույն քաղաքական դիրքավորումից:

 2. Արցախահայության
ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման,  և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ:

 3. Հայաստանը՝ որպես
միջանկյալ օղակ. արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել
այլ երկրներ:

 Ակնհայտ է, որ գործող
իշխանությունների համար նախընտրել են 1-ին և 3-րդ սցենարները: Իրենք սպանել են Արցախի
Հանրապետությունը և վստահաբար շահագրգիռ են սպանել նաև արցախահայության քաղաքական կերպարը՝
թե՛ սեփական ներքաղաքական, թե՛ ռեգիոնալ շահերից ելնելով: Որքան քիչ մնան Հայաստանում
Փաշինյանի կողմից Արցախի սպանության կենդանի վկաները, այնքան հանգիստ կլինի նա, այնքան
քիչ սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրներ կառաջանան նրա կառավարության համար:

 Ռուսական և արևմտյան
մեդիաներում արդեն շրջանառվում են արցախահայությանն այդ երկրներում հյուրընկալելու
գաղափարներ:

 Իրենց շահերը պարզ
են. բացի քաղաքականից, կան նաև դեմոգրաֆիական շարժառիթներ: Որքան էլ ցինիկ հնչի, բայց
արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա,
սպիտակամաշկ, քրիստոնյա…

 Հայկական շահերի տեսակետից
սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված
մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում
և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական
դառնալու որևէ հեռանկարից:

 Պետք է անել հնարավորն
ու անհնարինը, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները չկրկնեն Ադրբեջանից տեղահանված
հայ փախստականների ճակատագիրը, չդառնան այլ երկրների ներուժը:

 Եվս մեկ հանգամանք.
խոսելով արցախահայերի մասին՝ պետք է օգտագործել ոչ թե 100 000 թիվը, այլ 150 000-ը,
այսինքն՝ մարդկանց այն քանակը, որը հանդիսանում էր Արցախի Հանրապետության քաղաքացի
մինչև 44-օրյա պատերազմը:

 Արցախի, արցախահայության,
ողջ հայության համար, իմ կարծիքով, լավագույն սցենարը թվարկածներիցս երկրորդն է: Սակայն
ոչ թե «վտարանդի կառավարության» կամ «բռնագաղթած ժողովրդի», այլ «տեղահանված պետության»
կոնցեպտով:

 Թե ինչպես եմ պատկերացնում
«տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով
այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.10.2023թ.