17 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձախողակ Տիգրանը պարտքի տակ ընկավ

Ձախողակ Տիգրանը պարտքի տակ ընկավ

Երևանն ընտրեց իր 14-րդ քաղաքապետին։ Ճիշտ կլինի
ասել` Երևանի 32,57%-ը ընտրեց, քանի որ հենց այսքան քվե էր հավաքել «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցությունը` ավագանու վերջին ընտրություններին։ Որքան էլ աբսուրդային հնչի, մենք
ապրում ենք մի երկրում, որտեղ մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքում կարելի
է քաղաքապետ ընտրել 75
463 քաղաքացու
ցանկությամբ։

 

Ինչևէ, կա քվորում, չկա բողոք։ Սովորության համաձայն
ՔՊ-ն հիմա պիտի շամպայն բացեր, հրավառության կազմակերպեր, շնորհավորանքներ պիտի հորդեին
Ավինյանի գլխին, բայց ոչ

Ավինյանը մտահոգ է, կուսակցությունը՝ ցայտնոտի մեջ։

Հանուն արդարության պետք է նշել, որ Տիգրան Ավինյանը բացառիկ
տաղանդի տեր մարդ է, իսկ քաղաքականության մեջ՝ անգերազանցելի հանճար։ Ինքներդ դատեք,
կա՞ կամ եղե՞լ է ևս մեկ պաշտոնյա, ով հինգ տարվա ընթացքում ձախողվել է բոլոր
պաշտոններում, իսկ միակ օգուտը, որը տվել է պետությանը՝ կարճ ժամանակով որևէ
պաշտոն չզբաղեցնել ու վնաս չտալն է եղել։

Որպես վերոնշյալի ապացույց, Տիգրանը քաղաքապետ ընտրվելուց առաջ
մի բոցաշունչ ելույթ ընթերցեց ամբիոնից, որում, եթե չնկատենք վերջինիս՝ տեքստեր
կարդալու փորձի պակասը, խոսվում էր բացառապես 2018թ․-ի իշխանափոխության մասին։
Իշխանափոխության, որում Ավինյանը ունեցել է զրոյական ներդրում, սակայն դա միակ
բանն է, որը նախկին փոխվարչապետ-փոխքաղաքապետ-պարետը կարող է որպես արդյունք
ներկայացնել։

Նորաթուխ քաղաքապետի խնդիրները սրանով էլ չեն ավարտվում։ Արդեն
մի քանի օր է նրա մտքում պտտվում է մի հարց․ «Ո՞նց եմ ես սրա տակից դուրս գալու»։
Չենք շտապում կանխատեսել, թե Ավինյանը կձախողվի քաղաքապետի պաշտոնում, քանի որ
աքսիոմները չեն ապացուցում։ Խնդիրն ավելի խորքային է, բայց մինչ խնդրին
անդրադառնալը, վերհիշենք ավագանու ընտրության կարգը։

Այսպես՝ Երևանի քաղաքապետ է ընտրվում ավագանու նիստին ամենաշատ
քվե հավաքած թեկնածուն, ընդ որում` խոսքը բացարձակ մեծամասնության մասին չէ։
Այստեղ կարևոր նյուանսն այն է, որ քաղաքապետ ընտրելու համար հարկավոր է նախ
քվորում ապահովել, ինչն էլ հնարավոր եղավ մի շատ ընդդիամադիր կուսակցության թեթև
ձեռով։ Մնացածը, ինչպես ասում են, «Дело техники»։

Այս ամենից հետո նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ երևանցի
Տիգրանը ոչ նախանձելի կարգավիճակում է։ Նա ստիպված է իշխանություն կիսել ոչ միայն
«Հանրապետություն» կուսակցության հետ, այլև տարիներ շարունակ փակել այն մեծ
«վարկային բեռը» որը «Հանրային ձայնը» թողեց Ավինյանի ուսերին՝ ապահովելով առաջին
նիստի բաղձալի քվորումը։

Ի վերջո, Երևանի ավագանու ընտրությունները նշանավորվեցին նաև
մի շատ տարօրինակ փաստով․  Հայոց
պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց դեպք, երբ ընտրություններում մաքսիմալ
օգուտ քաղեց ոչ թե ամենաշատ ձայներն ստացած կուսակցությունը, այլ ամենաքիչ քվե
հավաքածը։

Մեզ էլ մնում է սպասել ու տեսնել՝ խեղճ Տիգրանն ինչպե՞ս է
մարելու պարտքերը, սակայն այս անգամ ձախողումը կիսելով պարտատերերի հետ։

 

 Վազգեն Բադալյան