ԵՄ-ը սկսում է իր ամենամեծ առևտրային պատերազմը Չինաստանի հետ. պատճառն էլեկտրական մեքենաներն են
Եվրամիությունը որոշել է լայնածավալ տնտեսական պատերազմ սկսել Չինաստանի՝ առանցքային առևտրային գործընկերոջ հետ երկար ամիսների քննարկումից, փոխադարձ սպառնալիքներից և բանակցություններից հետո։ ԵՄ-ը պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել չինական էժան և ժամանակակից էլեկտրամոբիլների վրա, որոնք արագորեն գրավում են սպառողների սրտերը և սպառնում կործանել եվրոպական ավտոարդյունաբերությունը։
Մաքսատուրքերին դեմ է ոչ միայն Չինաստանը, որը քննարկում է պատասխան արգելքների հարցը, այլև՝ Գերմանիայի ավտոգործարանները: Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը դեռ հարցը ներկայացրել է ԵՄ անդամ 27 երկրների քվեարկությանը, և ուրբաթ օրը նրանք, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան առևտրային պատերազմի մեկնարկին։
Արևմուտքը պայքարում է չինական էլեկտրական մեքենաների տարածումը զսպելու համար, թեև նպատակ ունի էլեկտրաֆիկացնել տրանսպորտը՝ նվազեցնելու բենզինի պահանջարկը՝ գազերի արտանետումների դեմ պայքարելու համար, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառն է:
Չինաստանը պնդում է, որ Արևմուտքը պարզապես պարտվում է ազնիվ մրցակցության մեջ։
Խաղադրույքները երբեք ավելի բարձր չեն եղել մոլորակի երեք խոշորագույն տնտեսությունների միջև նոր առևտրային պատերազմում: Չինաստանին և Եվրամիությանը բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 17%-ը, որն այս տարի կկազմի 110 տրիլիոն դոլար, ԱՄՆ-ին՝ ավելի քան 25%։
Միացյալ Նահանգները փաստացի փակել է շուկան Չինաստանի համար դեռևս 2024 թվականի մայիսին՝ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ՝ ներմուծման 100% մաքսատուրքեր սահմանելով չինական բոլոր ավտոարտադրանքների վրա: Իսկ վերջերս Սպիտակ տունը հայտարարել է, որ ծրագրում է ապագայում արգելել Չինաստանում կամ Ռուսաստանում մշակված մեքենաներում տեղադրված ծրագրային ապահովման և կապի բոլոր սարքավորումները։