Իրանում «Դիմադրության դաշնագրի» նախագիծ են մշակում
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը մշակում է «Դիմադրության դաշնագրի» կնքման օրինագիծ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և «ազատագրական շարժումների» հետ, որը նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից դաշնագրի կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ համաձայնագիրը ենթադրում է օպերատիվ շտաբի ստեղծում ռազմական գործողությունների համակարգման և զորավարժությունների անցկացման համար։ Պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունն առաջարկվում է վերապահել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։
Օրինագիծը մշակողների խոսքով՝ Իրանի Անվտանգության խորհուրդը կքննարկի «Դիմադրության դաշնագրին» միանալու հայտերը։ Գործակալությունը պարզաբանում է, որ պայմանագիրն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ օգնության տրամադրմանը և միասնական ռազմական ենթակառուցվածքի ստեղծմանն Իսրայելի և արևմտյան երկրների կողմից սպառնալիքներին հակազդելու համար։ Օրինագիծը նախատեսվում է վերջնամշակումից հետո ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։
Թեհրանն իր տարածաշրջանային դաշնակիցների թվին է դասում և «Դիմադրության առանցք» է համարում շիաների լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժումը և «Իրաքի իսլամական դիմադրությունը»: