26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին՝
Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին, Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանին,
Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին, Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանին
և Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն
ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորել է վերջիններիս եպիսկոպոսական
աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն
Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին
հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել իրենց ծառայության վայրերում
ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, հավատ և հույս ներշնչելու հայորդիներին առկա դժվարին
փորձությունները հաղթահարելու ճանապարհին։

Վերջում Հայոց Հայրապետը նորաօծ եպիսկոպոսների հետ միասին աղոթք է բարձրացրել
առ Աստված Հայրենիքի խաղաղության և անվտանգության, արցախահայության ու աշխարհասփյուռ
հայորդիների բարօր կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։