25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը կունենա՞ նոր քաղաքապետ, թե՞ պաշտոնի համար «մարտերը կշարունակվեն»

Երևանը կունենա՞ նոր քաղաքապետ, թե՞ պաշտոնի համար «մարտերը կշարունակվեն»

Հոկտեմբերի 10-ին կայանալու է Երևանի նոր ավագանու առաջին նիստը։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության
ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել են՝ ավագանու նիստին, որի ընթացքում
քաղաքապետ են ընտրելու, չեն մասնակցելու։

Ընդդիմությունը չշտապեց օգտվել գոնե մայրաքաղաքում իշխանափոխություն
իրականացնելու հնարավորությունից։ Փոխարենը ընդդիմության ներսում տարաձայնություններ,
պաշտոններ բաժանելու «կռիվ» սկսվեց։

Հայկ Մարությանը մինչ ընտրությունն էր հայտարարել, որ որևէ մեկը
հետ կոալիցիա չի կազմելու, ենթադրաբար վստահ էր իր ուժերի վրա և չուներ «Պլան Բ»։
«Հանրային ձայն» կուսակցության նախագահն էլ հայտարարել էր՝ պատրաստ է կոալիցիա կազմել
«Ազգային Առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ՝ Ավինյանին պաշտոնից
զրկելու համար, բայց․․․ Ղուկասյանն ուներ իր գինը, ինչպես բոլորը։ Պետք էր ստորագրել
փաստաթուղթ, ըստ որի՝ քաղաքապետը կլինի ցանկացած անձ, բայց մայրաքաղաքի կառավարման
վերահսկողությունը պիտի իրականացներ իր կուսակցությունը։ Ավելի ուշ Ղուկասյանը նաև
իր կուսակիցների համար քաղաքապետարանում և համայնքապետարաններում պաշտոններ ուզեց․
Մարությանը մերժեց Ղուկասյանին։

«Եկե՛ք, նիստին միասնաբար ընտրեք ինձ ու հետո նորից դարձեք ընդդիմություն»․
այս տարբերակն էր առաջարկում Մարությանը՝ հայտարարելով, որ որևէ ուժի հետ կոալիցիոն
փաստաթուղթ չի ստորագրելու։

Մարությանը նաև այլ առաջարկ ուներ․ առաջարկում էր բոյկոտել ավագանու
առաջին նիստն ու գնալ նոր ընտրություններին։

Անդրանիկ Թևանյանն էլ Մարությանի հենց այս առաջարկին միացավ․
արդյունքում ավագանու առաջին նիստը կբոյկոտեն քաղաքական երկու ուժեր, մյուս ուժերը՝
կմասնակցեն։

Վարդան Ղուկասյանն ավելի ուշ հայտարարեց, թե այս փուլում երկրորդ
անգամ ընտրության գնալ չի կարելի։ «Ես նախընտրում եմ Ավինյանը վերարտադրվի, ավելի լավ
է այդպես, քան ռոբասերժական կլանը»,-ասաց նա։

Ղուկասյանի հետ համակարծիք էր «Հանրապետություն» կուսակցության
անդամ Անի Խաչատրյանը։ Նա ևս նշեց, որ չի պատկերացնում արտահերթ ընտրությունների գնալը։

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց՝ մասնակցելու են
առաջին նիստին, իսկ կոալիցիա կազմելու մասին դեռ որոշում չունեն։

Դե իսկ մամուլն էլ ակտիվորեն խոսում է այն մասին, որ «Հանրապետությունն»
ու «Հանրային ձայնը» որոշել են համագործակցել Ավինյանի հետ։ Կունենա՞ Երևանը նոր քաղաքապետ,
թե՞ ոչ, պարզ կդառնա վաղը։

 

                                                                                                                                                                                                                                                        Սեդա Մակարյան