
Ռուբինյանը ընդդիմությանը կոչ է արել միասին փոխել ԱԺ-ում ձևավորված քաղաքական մշակույթը
ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հասարակության շրջանում ձևավորվել է ընկալում, ըստ որի՝ խորհրդարանը դարձել է «անարդյունավետ բանավեճերի, փոխադարձ վիրավորանքների և անհարկի լարվածության» հարթակ։
Նրա խոսքով՝ վտանգ կա, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն այդ առումով կարող է չտարբերվել կամ նույնիսկ ավելի վատը լինել։
«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը․ ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել․ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։
Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը, ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք։
Ես առաջարկում եմ, և համարում եմ այս օրը զրոյական կետ՝ իմ և ձեր հարաբերություններում և ընդհանրապես, զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ընդունել կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք»,- ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ 2018 թվականից հետո խորհրդարանում անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, քանի որ ընդդիմությունը «չի ընդունել ժողովրդի կայացրած ընտրությունը»։


