
32-ամյա նախկին քաղաքապետն այսօրվանից մարզպետ է․ ո՞վ է Վահագն Արսենյանը
Ջերմուկի 32-ամյա նախկին քաղաքապետ Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։
Գնդեվազ գյուղում է ծնվել Արսենյանը, կրթությունը ստացել Երևանի պետական համալսարանում․ 2013-ին ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 2015-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Ինովացիոն կառավարում» մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է երիտասարդ տարիքից․ առաջին պաշտոնը «Ջերմուկ Գրուպ»-ում է զբաղեցրել՝ որպես հանքային և աղբյուրի ջրերի արտադրության պետ։ Երկու տարի անց փոխել աթոռը՝ զբաղեցնելով «Էկո-Ֆարմի» գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ երեք տարի անց վերադարձել է «Ջերմուկ Գրուպ» արդեն որպես գործադիր տնօրեն։
2021 թվականի հոկտեմբերի 12-ին Վահագն Արսենյանը նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ դեկտեմբերի 5-ին՝ համամասնական ընտրակարգով ընտրվել համայնքի ղեկավար։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես ստանձնել է Ջերմուկի համայնքապետի լիազորությունները։
Նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը ամուսնացած է։