
Իշխանությունն Իրանի հարցում «քաղաքական թիթիզություն» է ցուցաբերում. Քոչարյանի հարցազրույցը` կետերով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- 17-ից 20 միլիոն ադրբեջանցիների և այլ ազգությունների խմորումները մեր հարևան և բարեկամ Իրանում գոյաբանական ուղիղ սպառնալիք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համար։
- Պատերազմն Իրանում լրջագույն խնդիր է։ Եվ պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ծանր պատկեր էր։
- Պոզիտիվ լինելը կարևոր է, բայց պոզիտիվ լինելու համար չի կարելի ստել այն երևույթների մասին, որոնք գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Անվտանգությունը այնպիսի բան է, որ դու կարող ես ամեն ինչ ունենալ, մեկ օրում կորցնել։
- Ներկա իշխանությունը քայքայեց ձևավորված մի ողջ անվտանգային համակարգ։ Արդյունքում մենք ստացանք պատերազմ։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր հասկանալ և ճիշտ գնահատել այս սպառնալիքները, մենք Ղարաբաղը չէինք կորցնի։
- Այն ինչ կատարվում է Իրանի հետ, առերևույթ սպառնալիք է, որի մասին պետք է խոսել և լուծումներ առաջարկել։
- TRIPP-ից ընդհանրապես հրաժարվել պետք չէ։ Պետք է մեծացնել Թրիփի մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա և Իրանի ընկալումը TRIPP-ի նկատմամբ կփոխվի։
- Մենք Իրանի հարևանն ենք։ Մեր շահերը ևս վտանգված են։ Մենք պե՞տք է մի դիրքորոշում որդեգրենք, թե՞ չէ։
- Այս իշխանությունն ունի մի յուրահատկություն։ Ժողովրդի նկատմամբ արել է սարսափելի բաներ և մարսել։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ իրենց թվում է՝ կարող են թքած ունենալ ամեն ինչի վրա և մարսել։
- Եթե դու պատասխանատվություն ես կրում երկրի անվտանգության համար, մարդկանց կյանքի, բարեկեցության համար, ժողովրդի համար ի՞նչն է կարևոր, քո էմոցիանե՞րը, թե՞ քո ճիշտ կայացրած որոշումները։
- Ինձ ապշեցնում է մեր ժողովրդի մոտ հանդուրժողականությունը ստի նկատմամբ։ Ուրախանում են մի մարդու արածով, որը Եռաբուլուրն է եռապատկվում, հետո ասում է՝ «հա դե փոխվել եմ. այնպես էի մտածում, հիմա ուրիշ ձև եմ մտածում»։ Քո այդ փոխվելու ընթացքում այս ժողովուրդը հսկայական կորուստներ է ունենում։
- Եթե առաջնորդը չի կարողանում ստանձնել պատասխանատվություն, սկսում է մեղքը գցել ուրիշների վրա, դուրս բերելու առաջնորդ է։
- Թույլ, իր որակներով այդ պաշտոնի համար ոչ ադեկվատ մարդը պաշտոնավարում է, արհավիրքներ, կորուստներ է բերում և իր այդ որակների համար իրեն ներում են։ Եթե մենք ուզում ենք ուժեղ պետականություն ունենալ, անվտանգ ապրել, լավ ապրել, ուրեմն պետք է մարդկանց ընկալումը փոխվի, հակառակ դեպքում մենք մնալու ենք նույն տեղում։
- Այսօրվա մեր պետական պարտքը արդեն մեր միջին տարիքի քաղաքացու թոռան վրա նստած պարտք է:
- Կամ դու քո գործը ամբողջությամբ անում ես և մարդիկ, միգուցե չկապելով դա քո հետ, ամենօրյա ռեժիմով տեսնում են, զգում են իրենց սառնարանի վրա, իրենց մաշկի վրա, կամ դու քո ժամանակի մի զգալի մասը դնում ես մարդկանց դուր գալու համար։ Ո՞րն է ավելի ազնիվ։
- Եվրոպայում չկան առաջնորդներ, օրինակ Ժակ Շիրակի մակարդակի կամ Շրյոդերի մակարդակի, որովհետև հիմքում մարդկանց դուր գալու, սիրվելու գործոնը առաջնային է դարձել։ Եվ սա պրոբլեմ է։ Եվ այդ նույն երկրներում, որտեղ քվեարկում են նման կարգի գործիչների համար, շատ արագ հիասթափվում են։
- Իմ պաշտոնավարման ընթացքում ամենամեծ սխալը եղել է կիսաֆեոդալական համակարգը։ Տեղերում ազդեցություն ունեցողները մեծամասնականով մտնում էին խորհրդարան և դառնում էին իշխանության հետ սերտաճած, հարցեր լուծող։
- 2018 թվականին գալիս ինձ մի քանի անգամ զգուշացրել են, որ ինձ ձերբակալելու են։ Վերադառնալիս ես գիտեի, որ ռացիոնալ որոշում չեմ կայացնում։ Բայց չգալու դեպքում կստացվեր, որ ես վախեցել, թողել, փախել եմ։
- Մեր ընդդիմադիր կարգավիճակին մի մեծ բոնուս մենք ինքներս շալակել ենք, որ այս հարցը մենք պետք է լուծենք մինչև հաջորդ ընտրությունները։ Մենք փողոցային պայքարներին ակտիվ մասնակցելով մաշեցրել ենք այս իշխանությանը։
- Սոցհարցումներն ուսումասիրում ենք և տեսնում, որ 1.5-2 տարի առաջ ժողովրդի մոտ 60%-ը չկողմնորոշված էին, հիմա այդ տոկոսը բավականին փոքր է՝ մոտ 25-30%։ Մենք, որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար։


