
Ռուբեն Վարդանյանը խնդրել է իր ընտանիքին շնորհակալություն հայտնել բոլոր իր համախոհներին և կիսվել իր որոշ մտքերով
Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ խնդրել է իր ընտանիքին շնորհակալություն հայտնել բոլոր իր համախոհներին և կիսվել որոշ մտքերով, որոնք, ինչպես նա է կարծում, կարող են օգտակար լինել տարբեր երկրներում ապրող մարդկանց։
Մաս 1
«Շնորհակալություն բոլորին, ովքեր մտածում են իմ մասին, անհանգստանում են ինձ համար, աղոթում են, գրում նամակներ, մտքում զրուցում են ինձ հետ և պարզապես անտարբեր չեն այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում և մեր բոլորի հետ։
Այս տեքստը կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին, ովքեր, ցավոք, արդեն մեզ հետ չեն, և իմ սիրելի ավագ քրոջը։ Ի վերջո հենց նրանք օգնեցին ինձ տեսնել մեր հրաշալի աշխարհը և քայլել նրա ճանաչման՝ ու ինքնաճանաչման ուղիով։ Նրանց հետ մեկտեղ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման մեջ։
Նրանք բոլորն ապացուցեցին ինձ, որ որոնող, իր ուղով ընթացող մարդուն, նույնիսկ դժվարությունների ու փորձությունների պայմաններում, կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու ամենակարևոր պահերը, մտորելու իր որոնումների մասին, խնայելու ժամանակը։ Բայց դա պետք է անել շատ զգույշ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը տարբեր տեմպերով է հասունանում և ընկալում տեղեկատվությունը։ Շատ բաներ, որ հայրիկս ասում էր ինձ, ես հասկացա միայն հիմա։
Մենք բոլորս տարբեր կերպ ենք լսում և ընկալում նույն բառերը։ Այդ պատճառով յուրաքանչյուրն ինքը պետք է հասնի իր սեփական ընկալմանը, անցնելով երբեմն ցավոտ ու ծանր «հղիության» գործընթացով և պատրաստ լինելով մի դժվարագույն ծննդի, երբեմն՝ կյանքին վտանգ սպառնացող։
Միայն այդ գիտելիքը ինքներս մեր մեջ «ծննդաբերելով», անցնելով սեփական փորձի ու անցյալի հիշողության միջով, կարող ենք դարձնել այդ գիտելիքը ամբողջական, խուսափել երկիմաստությունից ինքներս մեր մեջ, և այն դարձնել մեր առանցքը, որի շուրջ կկառուցվի լիարժեք ու սիրով լեցուն կյանք։ Քանի որ մարդն իրապես իրեն մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման գործում։
Ականջ ունեցեղը կլսի։ Աչքեր ունեցողը թող կլսի։ Բանականություն ունեցողը կգիտակցի։ Մտածողն ու որոնողը կհասկանա։ Թող լույսը, բարին և էներգիան հավերժ լինեն մեր աշխարհում։
Աշխարհի մարդ՝ հայկական հոգով, Մեր Տեր Աստծուն առանց վախի և անձնական ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջ սիրող, հավերժ աշակերտ, ինքն իրեն ու աշխարհը ճանաչող հավերժ աշակերտ, մեկ ամբողջություն իր կնոջ՝ Վերոնիկայի հետ, իմաստների թարգմանիչների դասի անդամ, մարդկանց, ծրագրերն ու գաղափարները մեկ ընդհանուր տարախության մեջ ինտեգրող-կատալիզատոր, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը կամրջի պես միավորող, խաղաղության մեջ ինքն իր հետ ապրող՝ երջանիկ գիտակցմամբ այն անփոխհատուցելի պարտքի, որն ունի Տիրոջ առաջ՝ պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:
Ռուբեն, Կառլենի որդի»։
2-րդ մասը, որտեղ Ռուբենը կիսվում է իր կյանքի աքսիոմներով, կհրապարակվի հաջորդ կիրակի։