
Ադրբեջանում պահվող հայ գերիներին ինչպե՞ս են տեսակցելու, եթե փակվի ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը․ ABCmedia-ն զրուցել է Սիրանուշ Սահակյանի հետ
Ադրբեջանում հայ գերիներին տեսակցելու այլ մեխանիզմներ կան, որոնց շուրջ Հայաստանը հստակ աշխատանք պետք է տանի․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Երբ երկու երկրներն ունենում են վատ կամ բացակայող դիվանագիտական հարաբերություններ, հումանիտար նման հարցերում ներառում են երրորդ երկրի՝ պատվիրակելով նրան գերիներին տեսակցելն ու նրանց մասին տեղեկությունները հայտնելը։ Մեր հասարակական կազմակերպությունը այդ հարցով դիմել էր Շվեյցարիային։ Նրանք պատրաստակամություն էին հայտնել ստանձնել այդ պատվիրակի պաշտոնը։ Պարզապես հայտը պաշտոնապես պետք է պետության կողմից ուղարկվի»,- ասել է Սահակյանը։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը ԱԳՆ հարցում է ուղարկել՝ հասկանալու՝ դիտարկո՞ւմ են այս եղանակով կապը պահպանելու տարբերակը հայ գերիների հետ։ Նրանք դրական պատասխան են տվել՝ մանրամասներ չհայտնելով։
Սահակյանի խոսքով՝ Բաքուն չի շարունակում ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունը, որովհետև չի ցանկանում երկրի ներսում առկա հումանիտար խնդիրները տեսնեն ու բարձրաձայնեն։ Բացի այդ՝ հետպատերազմական Ադրբեջանում գործող վարչախումբը ունի բարձր վարկանիշ, ինչն էլ թույլ է տալիս կարծելու, թե միջազգային հարցերում ևս կարող են ինքնուրույն կարգավորել հարցերը՝ ներառյալ հումանիտար դաշտը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի մարտին Բաքվի պետական լրատվամիջոցներից հայտարարեցին՝ Բաքուն չի երկարաձգում պայմանագիրը ԿԽՄԿ-ի հետ։ Ըստ Բաքվի՝ միջազգային կառույցի կարիքն այլև չունեն։