01 Հուլ
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ պատգամավորները չեն աջակցել Բաքվում պահվող հայ ռազմագերիների  դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ առաջարկին

ՔՊ պատգամավորները չեն աջակցել Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ առաջարկին

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չեն աջակցել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ առաջարկին. հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ կցելով նիստին հնչեցրած իր ելույթի հայերեն թարգմանությունը.

«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել:

Հարգելի գործընկերներ,

Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։

Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։

Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։

Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։

Հարգելի գործընկերներ,

Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։

Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը և միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում», – գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Ռազմագերիներ