14 Օգս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերիների մասին Թրամփի առաջարկը պետք է արդեն դարձած լիներ հրապարակային քաղաքականության մաս․ քաղաքագետ

Գերիների մասին Թրամփի առաջարկը պետք է արդեն դարձած լիներ հրապարակային քաղաքականության մաս․ քաղաքագետ

Գերիների հարցը, ըստ էության, չի եղել պաշտոնական քննարկումների ժամանակ, և մեծ հաշվով Ադրբեջանն այս մասով պարտավորություն չի վերցրել իր վրա․ АBC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում Թրամփի՝ գերիներին վերադարձնելու մասին առաջարկին։

«Եթե ուշադիր լսենք Թրամփի պայմանական առաջարկն, ապա կհասկանանք, որ խոսքը զուտ բարի կամքի դրսևորման և Թրամփի հեղինակությամբ Ալիևից համաձայնություն ստանալու մասին է, ոչ թե Ալիևի կողմից որևէ պարտավորություն ստանձնելու մասին։ Սա ինքնին նշանակում է, որ չկա երաշխիք առ այն, որ Ալիևը կհամաձայնի բոլոր գերիներին վերադարձնել, իսկ եթե նույնիսկ գերիների որևէ մաս վերադարձվի, դա կնշանակի, որ մյուս մասը մնալու են պատանդի կարգավիճակում՝ անսահմանափակ ժամկետով։ Ինչ վերաբերվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա հատկապես այս մասով բավականին լուրջ խնդիրներ կան, և Ալիևը գերիների հարցը ինչպես մինչ այժմ պահել է որպես քաղաքական օրակարգի մաս, այնպես էլ շարունակելու է պահել Հայաստանի ներքին քաղաքականության վրա ճնշումներ գործադրելու, ազդեցություն կիրառելու, արտաքին քաղաքական դաշտում տարբեր հարցերում Հայաստանից զիջումներ կորզելու համար»,-ասել է քաղաքագետը։

Անդրադառնալով հայկական կողմի աշխատանքին՝ Պողոսյանը Նշել է, որ հայկական կողմը մինչ այժմ պետք է սա դարձներ հրապարակային քաղաքականության մաս և հրապարակային դիվանագիտության մաս՝ ինչը, բնականաբար, չի եղել։

«Մեզ պարբերաբար կասեն, որ բոլոր հանդիպումներում հարցը քննարկվում է, բայց երբ այն կուլիսային բանակցություն է՝ նշանակում է, որ չկա որևէ երաշխիք, որևէ պարտավորվածություն»,-եզրափակել է Պողոսյանը։

Ռազմագերիներ