
Ամուսնուս ձայնը այնքան վատ էր, որ չճանաչեցի նրան․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը ABC media-ին մանրամասներ է հայտնել
20 օր առաջ ամուսինս զանգահարեց Բաքվից։ Զանգն անակնկալի բերեց ինձ։ Ձայնը դժվար ճանաչեցի, որովհետև այն շատ վատ էր, հոգնած․ ABC media-ի հետ զրույցում ասել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
«Խոսելիս չհասկացա, որ Վիգենն է, ոնց-որ ինքը չլիներ խոսողը։ Հարցրի՝ ինչ է պատահել, Վիգեն, ասաց՝ 20 օր է՝ հաց չեմ կերել։ Այսպես այլևս չեմ կարող մնալ։ Պատասխանեցի, որ դու մեզ պետք է օգնես քո ուժեղ մնալով։ Դադարեցրու հացադուլը, դու պետք է նորմալ սնվես, որովհետև դրսում բոլորը մտածում են քո մասին, սպասում են քեզ ու մյուս գերիներին»,- ասել է Լինդա Էուլջեքչյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը երջանիկ չէ, զավակները ամեն օր հոր վերադարձին են սպասում։ Որդին նշանված է ու անընդհատ հետաձգում է ամուսնությունը՝ սպասելով գերեվարված հոր ազատվելուն։ Լինդա Էուլջեքչյանի խոսքով՝ Հայաստանի և Լիբանանի իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել նրանց վերադարձի համար։
«Ե՛վ Լիբանանի, և՛ Հայաստանի իշխանություններն ասում են, որ փորձում են ճնշում գործադրել նրան վերադարձնելու համար։ Ասում են՝ մենք քո կողքին ենք, գործում ենք հանուն Վիգենի վերադարձի։ Բոլորն էլ աշխատում են, բայց արդյունքը չգիտեմ՝ ո՞րն է լինելու»,- ասել է Վիգեն Էուլջեքչյանի կինը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակվելուց հետո գերիների և նրանց ընտանիքների միջև կապն ապահովելը մեծ խնդիր է դարձել։ Էուլջեքչյանի ընտանիքը ևս այդ խնդրի առաջ է։
Հիշեցնենք՝ Վիգեն Էուլջեքչյանը 46 տարեկան է, ունի Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ավարտին կնքված հրադադարի համաձայնագրից մեկ օր անց: Նա վերջին տարիներին արդեն երրորդ անգամ է հացադուլ սկսել՝ բողոքելով իր սահմանափակ կապի և ընտանիքի հետ հաղորդակցության հնարավորությունների դեմ: