
Գերի, ռազմագերի, պահվող անձ. ո՞ր տերմինն է ճիշտ օգտագործել Բաքվի բանտերում հայտնված հայերի դեպքում
Իշխանության ներկայացուցիչները շարունակում են խուսափել «գերի» բառը գործածելուց, նախընտրելով կիրառել «պահվող անձինք» տերմինը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ադրբեջանցի գործընկեր Գաֆարովայի հետ հանդիպման արդյունքների մասին խոսելիս հերթական անգամ օգտագործեց «պահվող անձինք» արտահայտությունը, իսկ թե ինչու, պարզաբանեց. «Գերի էլ կարող եմ ասել, ուղղակի «պահվող անձինքը» շատ ավելի լայն շրջանակ է իր մեջ պարունակում, որովհետև մարդ կա, որ գերեվարված է, մարդ կա, որ պատանդ է վերցված: Մեր գործընկերներից մարդիկ կային, որ նույնիսկ քաղբանտարկյալ էին ասում, կարող եմ ասել գերի, ոչ մի խնդիր չկա…գերի»:
ABC Mediа-ն փորձեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանից ճշտել՝ «պահվող անձինք» արտահայտությունը իրավական առումով ճի՞շտ է կիրառելն այս դեպքում, թե՞ ոչ: Օրբելյանը հարցը հստակեցրեց իրավական տեսանկյունից, ըստ որի՝ գերիները թշնամու իշխանության ներքո անցած զինվորականներն են, բայց Ադրբեջանի իշխանության ներքո կան նաև քաղաքացիական անձինք, և համապատասխանաբար իրենք այս դեպքում պետք է ներառվեն պահվող անձանց խմբի մեջ, ավելին՝ պահվող անձանց մի մասին կարելի է որակել նաև որպես պատանդ՝ պատանդառության կոնվենցիայի տեսակետից: Հետևաբար, «պահվող անձինք» տերմինի օգտագործումը դժվար է որակել սխալ կամ ճիշտ:
Այն, որ ռազմագերիներ չեն բոլոր պահվող անձինք, միանշանակ է. Ժնևյան կոնվենցիաների իմաստով ռազմագերին շատ նեղ, կոնկրետ նշանակություն ունի: Այսինքն՝ իրավական տեսակետից տերմինի օգտագործումը ինքնին սխալ չէ, իսկ թե քաղաքական կամ դիվանագիտական տեսակետից ճիշտ է, թե չէ, այլ հարց է:
Փաստաբան Օրբելյանը խնդիրը տեսնում է ոչ թե տերմինաբանության, այլ պետության կողմից ձեռնարկվող քայլերի մեջ: «Մենք ունենք ավելի լուրջ խնդիր, որը ռազմագերի կամ պահվող անձ օգտագործելը չէ, այլ այն, որ կան ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը ոչ իրավաչափ կերպով է պահում, կեղծ դատական գործընթացներ է իրականացնում: Եթե կենտրոնանանք՝ Կառավարությունն այդ առումով որևէ բան անում է, թե չէ, կտեսնենք, որ ոչ միայն չի անում, այլ անում է հակառակը»,-ասաց Օրբելյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ երբ ընդդիմադիր պատգամավորները կամ քաղհասարակությունն են բարձրացնում տվյալ խնդիրը, իշխանությունն առարկում է, և այն էլ՝ Ադրբեջանի հետ նույն տերմինոլոգիայով, նույն մոտեցումներով է առարկում:


