
Քարոզարշավ` Գյումրիում. օր 1
Գյումրիում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
Քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը շրջել է քաղաքում, լսել է քաղաքացիներին։ Քարոզարշավի առաջին օրը Մխիթարյանը Գյումրիում մի շարք լրջագույն խնդիրներ է արձանագրել` աղբահանությունից մինչև թափառող շներ ու խաղահրապարակների բացակայություն, փոսերով լի փողոցներ։
Գեղեցիկ խաղահրապարակներ կառուցելու խոստումներ է տվել նաև ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը։
Նա ևս շրջել է Գյումրիի փողոցներով՝ ծանոթանալով գյումրեցիների խնդիրներին։
Քարոզարշավի մեկնարկը՝ օրհնությամբ. «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը քարոզարշավն սկսել է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանի հետ հանդիպումով, ինչից հետո նա էլ մյուս թեկնածուների նման շրջել է քաղաքի փողոցներով։
«Մայր Հայաստան» դաշինքն էլ Գյումրիում ապրող արցախցիների հետ է հանդիպել։ Դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը նշել է՝ գիտակցում են, որ Գյումրիում ապրող արցախցիները բախվել են լուրջ սոցիալական խնդիրների։ Խոստացել են հետևողական լինել խնդիրների լուծման համար։
«Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը թիմակիցների հետ այցելել է Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոտ, ապա խոստացել է այլընտրանք դառնալ այն քաղաքացիների համար, ովքեր ոչ ներկա են ուզում ընտրել, ոչ էլ նախկին։
Ճիշտը տեսնել է խոստացել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, նշելով, որ մինչև հիմա տրված բոլոր սուտ խոստումները ի չիք են անելու։
Ի տարբերություն այս թեկնածուների՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի սկսել քարոզարշավը, փոխարենը իր համակիրներին կիրակի հրավիրել է Անի թաղամաս։ «Ինձ ո՞վ չի ճանաչում, որ պլակատները խփեմ»,- ասել է Ղուկասյանը։