
Գյումրի, քարոզարշավ օր 5
Գյումրեցիների հիշողությունը թարմ է. մարտի 30-ին կասեն՝ ով է դավաճան, ով` պետականամետ․ քարոզարշավի ընթացքում նման հայտարարություն է արել Գյումրու քաղաքապետի քպ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նախընտրական քարոզարշավի 5-րդ օրն է, թեկնածուները շարունակում են պայքարել գյումրեցիների վստահությունը շահելու համար։
Գյումրու քաղաքապետի ընտրությունը կարևոր և հիմնաքարային է համարում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ով այօր ևս շրջել է քաղաքում, զրուցել է գյումրեցիների հետ։ Գյումրու թաղամասերը իտալական մոդելով գունավորելու խոստումներ է տվել դաշինքի թեկնածուն։
«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ անթույլատրելի է համարում հետընտրական աթոռակռիվը՝ հորդորելով ուժերին համակերպվել գյումրեցու ընտրության հետ։
Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Արտյոմ Թումանյանը վստահեցնում է՝ քպ-ն իր նկարից վախենում է։ Ասում է՝ միակ թեկնածուն է, ում նկարները ԿԸՀ-ն արգելել է քաղաքում փակցնել։
Քաղաքացիների ընդունելություն, թաղամասային այցելություններ և եվրոպական Գյումրի ունենալու խոստումներ․ «Եվրադաշինքը» մարտական է տրամադրված, բայց ոչ այս շաբաթ։ Այս շաբաթ բոլոր թեկնածուների պլանները խառնել է եղանակը։ Առատ տեղումներով պայմանավորված՝ Գյումրիում պասիվացել է քարոզարշավի ընթացքը, որը խոստանում է նոր զարգացումներ արդեն եկող շաբաթ։