
Գյումրիում կրթությունը կլինի անվճար, իսկ բնակարանային խնդիրը կլուծվի լքված շենքերի հաշվին. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իր ելույթում ներկայացրել է իր ծրագրային դրույթները՝ ընդգծելով կրթության, սոցիալական բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային համակարգի բարելավման կարևորությունը։
Մխիթարյանի խոսքով՝ Գյումրիում բոլոր երաժշտական, սպորտային և նախադպրոցական կրթական հաստատությունները կլինեն անվճար, որպեսզի երեխաները առանց ֆինանսական խոչընդոտների կարողանան հաճախել կրթական կենտրոններ։
Նա անդրադարձել է նաև քաղաքի բնակարանային խնդիրներին՝ նշելով, որ բազմաթիվ պետական շենքեր, որոնք տարիներով չեն օգտագործվում, կարելի է վերանորոգել ու տրամադրել տնակներում բնակվող քաղաքացիներին։
«Տեսեք, ինչպես է պետք լուծել այդ հարցը։ Պետությունից պետք է այդ շենքերը տեղափոխեն համայնքի տիրապետության տակ։ Օրինակ՝ «Բուլվարային» թաղամասում ռադիոտեխնիկայի շենքը, մանկավարժական քոլեջի շենքերը, որոնք վերականգնելուց հետո մարդկանց տների հարցը կարելի է սկսել ինտենսիվ լուծել»,- ասել է Մխիթարյանը։
Նա խոսել է նաև քաղաքի ենթակառուցվածքների արդիականացման մասին՝ ընդգծելով պատշգամբների, տանիքների, շքամուտքերի վերանորոգման անհրաժեշտությունը, նաև միջազգային գործընկերների հետ գործակցությամբ էներգախնայող երեսապատման ծրագրի իրականացումը։
Թեկնածուն անդրադարձել է նաև տրանսպորտային խնդիրներին՝ նշելով, որ քաղաքն ունի ավտոբուսներ, որոնք անհասկանալի պատճառներով չեն օգտագործվում։ Նա խոստացել է ներդնել նոր տրանսպորտային համակարգ, որը թույլ կտա բնակիչներին կանգառներում մոնիտորների միջոցով հետևել ավտոբուսների տեղաշարժին և բեռնվածությանը։
Մշակութային ոլորտում Մխիթարյանը նշել է, որ Գյումրին չունի 1000 տեղանոց համերգային դահլիճ, ինչը պետք է փոխվի, և ընդգծել է նաև ազգային մարզադաշտ կառուցելու անհրաժեշտությունը հենց Գյումրիում, այլ ոչ թե Երևանում։
«Եթե Գյումրիում կառուցվի 40 000-անոց մարզադաշտ, որը տարին մի քանի անգամ կընդունի հավաքականի խաղեր, քաղաքը կունենա 200 000 այցելու, ինչը հսկայական եկամուտ կբերի Գյումրիին։ Տարվա ընթացքում միջազգային մասշտաբի արտիստներ հրավիրելով՝ քաղաքը կդառնա նոր կենտրոն՝ ներգրավելով զբոսաշրջիկներ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասել է նա։
Վերջում Մխիթարյանը շեշտել է, որ Գյումրին դառնալու է ժամանակակից, զարգացող քաղաք, որը կպահպանի իր ավանդույթները, բայց կմրցակցի Հայաստանի ու տարածաշրջանի խոշոր այլ քաղաքների հետ։Կրեմլը Ալ Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել