02 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը գիտի, որ արցախցիների ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է, դրա համար զրկում են նաև պասիվ ընտրողի իրավունքից․ փաստաբան

Իշխանությունը գիտի, որ արցախցիների ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է, դրա համար զրկում են նաև պասիվ ընտրողի իրավունքից․ փաստաբան

Դատարանն աբսուրդային որոշում է կայացրել՝ զրկելով արցախցիներին նաև պասիվ ընտրողի կարգավիճակից. այսօր Արցախի ներկայացուցչությունում հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Աբսուրդայինն այն է, որ դիմել ենք քաղաքացիական դատարան, որտեղ ստացել ենք բավարարող որոշում, ըստ որի՝ արցախցին իրավունք է ստանում ընտրությանը մասնակցելու։ Բայց Վերաքննիչ դատարանը գնահատական չի տվել, այլ նշել է, որ վարչական դատարանը պետք է վճռի»,- նշեց Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը հերքում է դատարանի որոշումը։

«Անգամ իրենք են ասում, որ չի կարող վարչական դատարանը նման որոշում կայացնել։ Սա ակնհայտ քաղաքական որոշում է։ Իշխանությունը գիտի, որ արցախցիների ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է, դրա համար զրկում են նաև պասիվ ընտրողի իրավունքից»,- նշեց Ռոման Երիցյանը։ 

Նախընտրական փուլում արցախցիների նկատմամբ ճնշումներն ավելի են խստացել։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ին, ներխուժել են արցախցի ընտանիքի բնակարան և սկսել զանգվածային խուզարկություններ։

«Այդ ընտանիքում ապրում են 9 ամսական և 2 տարեկան երեխաներ, դուք պատկերացնո՞ւմ եք նրանց վրա նմանատիպ խուզարկությունների հետևանքները։ Առգրավել են հեռախոսները, իսկ խուզարկությունները պարբերաբար շարունակվում են»,- ասաց փաստաբանը։

Արցախցի ընտանիքում խուզարկություն անցկացրել էին դիմակավորված անձանց տեսանյութի համար։ Նշել են, որ ընտանիքի հոր աչքերը նմանեցրել են դիմակավորված մեկի աչքերին։

«Աբսուրդայինն այն է, որ անգամ աչքերի գույնը նման չէ»,- նշեց Ռոման Երիցյանը։

Արցախցիներին թիրախավորում են, քաղաքացիների աչքերում դիրքավորում որպես հեղաշրջում անելու ցանկություն ունեցողներ։

«Նրանք ամեն անգամ մի բան են բեմադրում, ասում են՝ արցախցիներն ուզում են վարչապետին սպանել։ Թիրախավորելը, թշնամանք տարածելը քաղաքական նպատակ ունի»,- ընդգծեց Ռոման Երիցյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև Սամվել Շահրամանյանից առգրավված հեռախոսին։ Փաստաբանի խոսքով՝ 2025 թվականի արտադրության հեռախոսն առգրավել են 2023 թվականի բենզինի պայթյունի դեպքով քննչական գործողության համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026