
Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը, իսկ դրանից հետո ԿԸՀ–ն նրա վերաբերյալ միջնորդություն է քննելու․ Արամ Վարդևանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 17:00-ին, քննելու է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ նման միջնորդություն նախկինում արդեն ներկայացվել և վերադարձվել էր, քանի որ հարցն այլևս ԿԸՀ-ի իրավասության տիրույթում չէր։
«Այսօր ժամը 15:00-ին Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատ և ունենալու է անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն նրա վերաբերյալ միջնորդություն պետք է քննարկի։ Սա հերթական քաղաքական հետապնդման, միջամտության փորձ է՝ Նարեկ Կարապետյանի գործունեությանը խոչընդոտելու համար», – ասել է Վարդևանյանը։
Նա նշել է, որ տեղեկություն չունի, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, սակայն, իր համոզմամբ, այն իրավաբանության հետ առնչություն չունի։
«Այլ երկրի քաղաքացիության վերաբերյալ այնպիսի տվյալներ են հասանելի նաև քննչական մարմնին, որ եթե դիմեք Քննչական կոմիտեին և նրանք ազնվորեն մոտենան իրենց պարտականություններին, պետք է հայտնեն, որ այդ վարույթը կարճվել է։ Այլ տարբերակ չունեն», – ասել է նա։
Վարդևանյանը նաև անդրադարձել է Դավիթ Ղազինյանի գործին՝ նշելով, որ իրավապահ մարմինները, իմանալով, որ նա այսօր ստանալու է պատգամավորի կարգավիճակ, գործը «ռեկորդային արագությամբ» ուղարկել են դատարան։
«Սա արվել է, որպեսզի երբ արձանագրվի, որ Դավիթ Ղազինյանը պատգամավոր է և չի կարող կալանավորված լինել, իրենք ասեն՝ գործն արդեն դատարանում է, և դատախազը չունի կալանքը վերացնելու լիազորություն», – նշել է նա։
Վարդևանյանը տեղի ունեցածը որակել է «իրավունքի նկատմամբ նսեմացնող վերաբերմունք» և ասել, որ «սա աբսուրդի նոր նշաձող է»։


