Էթնիկ զտումները շարունակվում են. մենք պետք է բոյկոտենք COP29-ը Բաքվում. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանում կայացել է քննարկում՝ «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» թեմայով: Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է ԼՂ-ում էթնիկ զտումներին:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի 100.000 հայեր ենթարկվել են էթնիկ զտումների, և դա դեռ շարունակվում է: ԼՂ-ում ոչնչացվում է հայկական ժառանգությունը: Նրա խոսքով՝ Բաքուն օգտագործում է պատրվակներ Հայաստանի հետ խաղաղությունը հետաձգելու համար: ԵԽ պատգամավորը նաև խոսել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և խոսքի ազատության ճնշումների մասին՝ ընգծելով, որ Ալիևը պատասխանատու է նրանց ճակատագրի համար: « Այո՛, մենք պետք է բոյկոտենք COP29-ը Բաքվում», – նշել է Լուազոն:
Ֆրանսիացի պատգամավոր Քսավիե Բելամին ևս դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ և Հայաստանի դեմ՝ առաջարկելով անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների նկատմամբ: Նա ընդգծել է, որ երեք շաբաթից Բաքվում կսկսվի COP29-ը՝ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ով հայ ժողովրդի դահիճն է, ով բազմիցս հարձակվել է նրա վրա՝ վտարելու իր պատմական հողերից՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ այժմ՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիկոլաս Շմիտը հավելել է, որ Երևանը և Բաքուն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ը լիովին աջակցում է երկու երկրի միջև ընթացող խաղաղության գործընթացին: