24 Ապր
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կներե՞նք թուրքին. խմբագրական

Կներե՞նք թուրքին. խմբագրական

Ցեղասպանության ականատեսների ժառանգ եմ՝ բոլոր կողմերից, մորական և հորական պապերս Այնթապում են ծնվել: Թե դրանից քանի սերունդ առաջ ենք այնտեղ հաստատվել ու ով է Կարաթորոսյան ազգանվանս Թորոսը՝ Կարա (սև) Թորոսը, չգիտենք: Փոխարենը գիտենք, որ Այնթապի ինքնապաշտպանության մասնակից Մրթիք Հակոբը (Հակոբ Կարապետի Կարաթորոսյանը) հորս հորեղբայրն է: Պապս՝ Ներսես Կարաթորոսյանն էլ է Այնթապում  ծնվել:

Հայրս իր հոր ներկայությունը երկար վայելել, փրկության պատմությանը ծանոթանալ ու մտապահել չի հասցրել: Ցեղասպանությունից մազապուրծ Ներսես պապս ամուսնացել է ու 1946-ին Սիրիայից ներգաղթել հայրենիք, դարձել Ստալինյան բռնաճնշումների զոհ, աքսորվել ու մահացել, երբ հայրս փոքր էր:

Մորական կողմս էլ՝ Մուսայանները, Այնթապից գաղթելուց հետո սիրիական Արափունարում են հաստատվել՝ Քոբանիում. ասում են՝ սահմանին մոտ է եղել, իրենք էլ տասնամյակներ շարունակ ապրել են այնտեղ՝ օր առաջ սահմանը հատելու և տուն վերադառնալու հույսով: Չի ստացվել…

Մայրս տատի հորդորով տասնամյակներ շարունակ փնտրել է պապիկիս եղբայրներից մեկին, որին կորցրել են գաղթի ճանապարհին: Ցեղասպանության ականատեսի ժառանգ մայրս տասնամյակներ շարունակ անծանոթների մեջ հարազատ դիմագիծ էր փնտրում, ազգանվանակից հանդիպելիս էլ երկար հարցուփորձ անում…Հովսեփ Մուսայանի հետքը, սակայն, այդպես էլ չգտանք:

ABC media-ում ես Ցեղասպանությունը վերապրածների միակ ժառանգը չեմ, շատ ենք՝ Ուրֆայից մինչև Բայազետ, Մարաշից մինչև Տիգրանակերտ: Նիկոլ Փաշինյանը զարմանում է՝ մի՞թե չկան մարդիկ, ում արմատներն այստեղ են՝ Արևելյան Հայաստանում: Կա՛ն, պարոն Փաշինյան, 5 և ավելի սերունդ որևէ անգամ չտեղահանված աշխատակիցներ էլ      ունեինք, արցախցիներ, որ 2023-ին գաղթի ճանապարհն առաջին անգամ բռնեցին՝ թողնելով տները, որոնք ապուպապերն էին կառուցել: 

Մեր աշխատակիցների ճնշող մեծամասնության արմատները մեր հայրենիքի կորուսյալ կտորներից են՝ Արևմտյան Հայաստան, Կիլիկիան Հայաստան, Նախիջևան ու արդեն նաև Արցախ: Արմատներից կտրվել չենք կարող, ուրանալ և մոռանալ՝ նույնպես:

Այն, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, տեսանք ու զգացինք մեր մաշկի վրա, բայց կրկնության շղթան կոտրել, ընթացքն էլ փոխել է պետք՝ սեփական սխալները հասկանալով:
 
Հարևաններին, ցավոք, չեն ընտրում, և այդ հարցում մեր բախտը, մեղմ ասած, չի բերել: Հարևանների հետ հաշտ ապրել պետք է, բայց դրա ճանապարհը, վստահաբար, անցյալի մասին չխոսելն ու մոռանալը չէ:

Պատրա՞ստ եմ արդյոք ներել թուրքին՝ ժամանակակից թուրքին… իսկ ներողություն խնդրող եղե՞լ է:

Մարիա Կարաթորոսյան

ABC media-ի գլխավոր խմբագիր

 

Ռազմագերիներ