
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը զրուցել են հեռախոսով. այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:
Պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը իրանա-իսրայելական դիմակայության և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համատեքստում։
Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմի պահպանման գործում։ Այս առումով նրանք ընդգծել են Թեհրանի՝ խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքը հարգելու և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները շարունակելու, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության կարևորությունը։
Առաջնորդները հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում առկա այլ հակասությունները բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով ուծելու օգտին. նրանք համաձայնել են շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համաձայնեցման նպատակով։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը քննարկելիս Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, ստեղծել հակառուսական հենարան Ուկրաինայում, հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները և այժմ վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն՝ Կիևի ռեժիմը սնելով տարբեր ժամանակակից զենքերով։
Խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը հաստատել է հնարավոր համաձայնագրերի հիմնարար մոտեցումները, որոնք պետք է լինեն համապարփակ և երկարաժամկետ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացումը և հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա։