
Ռուսաստանում հայազգի գործարար է կալանավորվել՝ ուկրաինացի նախկին պատգամավորի սպանության գործով
Մոսկվայի մարզի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով․ հայտնում է РИА Новости–ն։
«Մոսկվայի մարզի դատարանն Ամիրխանյանի համար խափանման միջոց է ընտրել կալանքը», – ասել է քննությանը ծանոթ աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառակերության գործով։
Ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ Ինչպես վճռել է դատարանը, մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական կատարածուին՝ օրենքի շրջանցմամբ ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական էր ճանաչել։
Կիվայի մարմինը հայտնաբերվել էր 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում, հարուցվել էր քրեական գործ։ Քննության տվյալներով՝ երեկոյան զբոսայգում անհայտ անձը կրակել էր քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել էր։